Air France-ը կանոնավոր ավիաչվերթներ կկատարի Փարիզից Թբիլիսի
Air France ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը մարտի 31-ից կսկսի Փարիզից կանոնավոր ավիաչվերթներ կատարել Թբիլիսիի ուղղությամբ: Այդ մասին, ասված է Facebook սոցցանցում Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Փարիզ-Թբիլիսի-Փարիզ երթուղով կանոնավոր թռիչքները շաբաթվա ընթացքում երկու անգամ կիրականացվեն Airbus A320 եւ 321 օդանավերով: Փարիզից ինքնաթիռը կժամանի չորեքշաբթի եւ կիրակի օրերին: Թբիլիսիից Ֆրանսիայի մայրաքաղաքի ուղղությամբ չվերթը կիրականացվի երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին:
Համապատասխան թույլտվությունը Air France-ին տրամադրել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը: Կանոնավոր չվերթերն իրականացվելու են մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 23-ը: Նախնական տվյալներով՝ կանոնավոր կերպով, շաբաթական երկու անգամ երկրների միջեւ կթռչի նաեւ Georgian Airways – Airzena վրացական ավիաընկերությունը:
Այսօրվա դրությամբ Air France ընկերությունն աշխարհի 92 երկրներ չվերթներ է իրականացնում 195 ուղղություններով: Ընկերության ավիապարկը բաղկացած է տարբեր տեսակի 212 օդանավերից: Վրացական Airzena-ն ունի տարբեր տեսակի յոթ օդանավ, հաղորդել է Sputnik-ը: