Բնական գազն ապրիլի 1-ից կիլոգրամով են վաճառելու
Բնական գազի համար կառավարությունը որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով։ Կառավարության համոզմամբ` այս փոփոխությունը թույլ կտա սպառողներին ազատվել վաճառողների խաբեությունից։
Առաջարկվող փոփոխությամբ սեղմված բնական գազը Հայաստանում կվաճառվի 1 տոննան` 34.000 դրամ գնով` ներկայումս գործող 1000 խմ-ն` 25.000 դրամի փոխարեն։
Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2019 թվականի ապրիլի 1-ից:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրանը Քեյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշմամբ վարորդներին գրեթե չեն կարողանա խաբել:
«Ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում, քանի որ գործակիցների խաղ չեն կարողանա տալ, ոչ էլ քիչ գազ կվաճառեն վարորդներին: Կարելի է ասել՝ վարորդին խաբելը մինիմալի է հասցվում: Մարդն ամեն դեպքում պետք է վճարի այնքան, ինչքան գնում է: Սպառողը խաբված չպետք է լինի, թե չէ քիչ գազ էին գնում ու շատ վճարում: Ինչ վերաբերում է գնի բարձրացմանը, եթե նախկինում շահույթ ստանում էին խաբելով, հիմա դա հնարավոր չի լինելու, և արդյունքում՝ գուցե գնի բարձրացում կամ փոփոխություն լինի, բայց գոնե վարորդը կիմանա, որ մեկ կիլոգրամի համար է վճարում, ոչ թե 1 կգ-ի անվան տակ ստացած 0.5 կիլոգրամի»,- նշեց Տիգրանը Քեյանը:
Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը նույնպես կարծում է, որ սա ճիշտ որոշում է, քանի որ ֆիզիկայի օրենք է՝ երբ միանգամից գազը սեղմվում, տաքանում, ընդարձակվում է, ճնշումն ավելի է մեծանում:
«Շատ են բողոքներ եղել վարորդների կողմից: Ասում են՝ գնում ենք գազալցակայան, գազը լցնում, 200 խորանարդ մետր է ցույց տալիս, բայց մի քանի մետր վարելուց հետո գազը դառնում է 180 կամ 150 խմ: Պատճառն այն է, որ սառչելուց ճնշումը պակասում է, իսկ կիլոգրամի դեպքում նման խնդիր չի առաջանա: Քաշը մնալու է նույնը, չնայած վարորդները պետք է շարունակեն ուշադիր լինել, որ հիմա էլ կշռելիս չխաբեն»,- մանրամասնեց Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահը:
Անի Կարապետյան