Բաժիններ՝

Կորեայի Հանրապետության նախագահը Վաշինգտոնում կքննարկի ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի արդյունքները

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպում անցկացնել մարտին՝ քննարկելու ամերիկա-հյուսիսկորեական երկրորդ գագաթնաժողովի արդյունքները: Այդ մասին հայտնել է Երկնագույն տան պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Յույ Գյոմը լրագրողների համար կազմակերպված բրիֆինգում:

Նրա խոսքով՝ այդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Վաշինգտոնում Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի «գագաթնաժողովից շատ չանցած»: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինն ավելի վաղ Սեուլում հայտարարել է, որ Հանոյում ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկարողանա Կորեական թերակղզին վերածել խաղաղության եւ բարգավաճման գոտու:

«Մենք հաջողություն ենք մաղթում գագաթնաժողովին եւ լիակատար աջակցություն հայտնում դրա մասնակիցներին: Այդ հանդիպումը Կորեական թերակղզում պատերազմի սպառնալիքը վերացնելու եւ անվտանգության այլ խնդիրներից ազատվելու վճռորոշ հնարավորություն կընձեռի, ինչպես նաեւ թույլ կտա քայլ անել խաղաղ տնտեսական զարգացման ուղղությամբ»,-ընդգծել է Մուն Չժե Ինը:

Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի վարչակազմը «բոլոր ջանքերը կգործադրի նախագահ Թրամփի ինովացիոն եւ համարձակ քաղաքականությանը լիակատար աջակցություն ցուցաբերելու համար, որն ուղղված է խաղաղության հաստատմանը»: Հարավային Կորեայի առաջնորդը նաեւ ուղջունել է «նախագահ Կիմ Չեն Ունի՝ դեպի ապագա շարժվելու վճռականությունը՝ ընտրություն անելով հօգուտ տնտեսական զարգացման եւ հրաժարվելով միջուկային զենքից»:

Պատմության մեջ առաջին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում: Դրա արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունը ստորագրել են համատեղ փաստաթուղթ, որում Փհենյանը Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություններ է ստանձնել Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն: Երկու երկրների ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը նախատեսված է փետրվարի 27-28-ին Հանոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս