Բաժիններ՝

Տիմոշենկոն հայտարարել է Պորոշենկոյի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին

Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոյի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին՝ բանակում ընդգրկուն հափշտակումների՝ հրապարակված լրագրողական հետաքննությունից հետո։

Bihus.info լրագրողական հետաքննությունների թիմը նախօրյակին հրապարակել է նյութ, որտեղ բացահայտել է պաշտպանական համալիրում ընդգրկուն հափշտակումների սխեման, որի հետ իբր առնչություն ունեն Պորոշենկոյի մերձավոր պաշտոնատար անձինք:

Նյութում ապացուցվում է, որ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի առաջին փոխքարտուղար Օլեգ Գլադկովսկու որդին՝ Իգորը, նրա ընկեր եւ բիզնես-գործընկեր Վիտալի Ժուկովը, ինչպես նաեւ Անդրեյ Ռոգոզան 2016 թվականից Ուկրաինայի պաշտպանական ձեռնարկություններին են վաճառել ռազմական տեխնիկայի պահեստամասեր մինչեւ 300 տոկոս հավելագնով:

Ապրանքը նրանք իբր ներկրել են ՌԴ-ի տարածքից մաքսանենգ ճանապարհով կամ էլ գնել են Ուկրաինայի զորամասերի պահեստներից: Լրագրողները պնդում են, որ այդ կերպ «Ուկրօբորոնպրոմ»-ից ստացվել է առնվազն 250 միլիոն գրիվնա (ավելի քան 9 միլիոն դոլար):

«Մենք կարծում ենք, որ այն, ինչ արվել է, եւ այն, ինչ լրագրողների կողմից հրապարակվել է, վերաբերում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածին՝ պետական դավաճանություն… Մենք հայտարարում ենք, որ մյուս խմբակցությունների հետ մեկտեղ սկսում ենք նախագահի պաշտոնազկման ընթացակարգը»,- հայտարարել է Տիմոշենկոն՝ փետրվարի 26-ին ելույթ ունենալով Ռադայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս