«Մայր բուհի ռեկտորի պաշտոնանկ արվելու հարց է բարձրացվում, ինչո՞ւ այդ մասին հասարակությանը չեն տեղեկացրել». Ռուբեն Մելիքյան
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գլխավոր մասնաշենքի մոտ տեղի ունեցավ ակցիա՝ ի պաշտպանություն ԵՊՀ-ի դեմ տարվող արշավի։
«Ինձ ու շատերի համար միևնույն չէ համալսարանի ճակատագիրը: Խնդիրն այն է, որ իմ գնահատամամբ նույնիսկ անզեն աչքով երևում է, որ այս բուհի շուրջ տեղի են ունենում շատ մութ գործընթացներ: Քաղաքական ճնշում է, հետապնդում, ես ուրիշ կերպ չեմ կարող նկարագրել իրավիճակը: Ես իրավունք չունեմ թողնել, որ հոշոտեն այս բուհը: Այն մարդը, ով մեկ ամիս առաջ հրապարակում էր կոռուպցիոն բացահայտումների մասին, նա երեկվանից հայտնվել է ԱԱԾ-ում՝ մի ուրիշ կոռուպցիոն պատմության շրջանակներում: Խոսքը Դավիթ Ադյանի մասին է»,- ասաց հրապարակախոս Նարեկ Մալյանը:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մայր բուհի ռեկտորի պաշտոնանկ արվելու հարց է բարձրացվում, ինչո՞ւ այդ մասին հասարակությանը չեն տեղեկացրել, դա երրորդական նշանակության հա՞րց էր»:
Ռուբեն Մելիքյանի համար տարակուսելի է, թե ինչո՞ւ են նույն հոգաբարձուների խորհրդի անդամները հավանություն տվել ռեկտորի աշխատանքին, ապա նրա պաշտոնանկության հարցը բարձրացրել։
Այս ընթացքում հարթակ բարձրացավ ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետն ու ասաց.
«Ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ»:
Հետո, լրագրողների հետ զրույցում Դավիթ Ադյանը նշեց, որ իր ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են եղել, ինքը տանը քնած է եղել:
«Բայց, երբ տեսա, որ այդ ապատեղեկատվությունը մարդիկ փորձում են օգտագործել ի պաշտպանություն ոչ թե ԵՊՀ-ի, այլ պարոն Սիմոնյանի, ուղղակի չէի կարող չարձագանքել, դրա համար եկա, իրենց կողքին կանգնեցի և հայտարարեցի, որ ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ»,- նկատեց Դավիթ Ադյանը:
Նա ընդգծեց, որ 10 տարուց ավելի է՝ պետական վերահսկողական համակարգում է աշխատում, ունի պետական վերահսկողության այնպիսի փորձ, որը շատերը չունեն:
«Ճոռոմ-ճոռոմ հայտարարությունների փոխարեն՝ խորհուրդ կտամ՝ թող խնդրեն տեղեկանքը և ՊՎԾ արդյունքները: Այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով և պրոֆեսիոնալ մարդու պես ուզում են կարդալ ու հասկանալ, թե ի՞նչ է հայտնաբերվել ԵՊՀ-ում, թող դիմեն, ստանան տեղեկանքն ու նոր խոսեն»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Analitik.am-ը հայտնել էր, թե այս գիշեր ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում՝ ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:
Նշենք, որ այսօր բողոքի ցույց է անցկացվել ԵՊՀ-ի դիմաց «Ես համալսարանական եմ» կարգախոսով։ Մասնակիցները բողոքում էին ԵՊՀ–ում ստեղծված լարված իրավիճակի դեմ։
Անի Կարապետյան