Բաժիններ՝

Սեուլում նշանակալի արդյունքներ են ակնկալում ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովից

Կորեայի Հանրապետության վարչակազմը նշանակալի առաջընթաց է ակնկալում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների Հանոյի գագաթնաժողովից: Այդ մասին հայտարարել է Երկնագույն տան պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Ույ Գյոմը լրագրողների համար անցկացված բրիֆինգում:

«Ելնելով մեզ հայտնի գրաֆիկից, նախագահ Թրամփը եւ նախագահ Կիմ Չեն Ունը խորը քննարկում կանցկացնեն անձնական հանդիպումների ընթացքում»,- նշել Է նա: Հարավկորեական վարչակազմի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները բանակցությունների ընթացքում կկարողանան «հասնել մեծ առաջընթացի»:

Ավելի վաղ Կիմ Ույ Գյոմն ասել է, որ Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները գագաթնաժողովի ժամանակ կարող են համաձայնության գալ հաշտության պայմանագրի կնքման շուրջը, որը կոչված է պաշտոնապես վերջ դնելու Կորեական պատերազմին (1950 – 1953):

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 25-ին Սեուլում հայտարարել է, որ Հանոյում ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկարողանա Կորեական թերակղզին վերածել խաղաղության եւ բարգավաճման գոտու:

«Մենք հաջողություն ենք մաղթում գագաթնաժողովին եւ լիակատար աջակցություն հայտնում դրա մասնակիցներին: Այդ հանդիպումը Կորեական թերակղզում պատերազմի սպառնալիքը վերացնելու եւ անվտանգության այլ խնդիրներից ազատվելու վճռորոշ հնարավորություն կընձեռի, ինչպես նաեւ թույլ կտա քայլ անել խաղաղ տնտեսական զարգացման ուղղությամբ»,-ընդգծել է Մուն Չժե Ինը: Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի վարչակազմը «բոլոր ջանքերը կգործադրի նախագահ Թրամփի ինովացիոն եւ համարձակ քաղաքականությանը լիակատար աջակցություն ցուցաբերելու համար, որն ուղղված է խաղաղության հաստատմանը»:

Հարավային Կորեայի առաջնորդը նաեւ ուղջունել է «նախագահ Կիմ Չեն Ունի՝ դեպի ապագա շարժվելու վճռականությունը՝ ընտրություն անելով հօգուտ տնտեսական զարգացման եւ հրաժարվելով միջուկային զենքից»: Պատմության մեջ առաջին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում: Դրա արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունը ստորագրել են համատեղ փաստաթուղթ, որում Փհենյանը Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություններ է ստանձնել Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն: Երկու երկրների ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը նախատեսված է փետրվարի 27-28-ին Հանոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս