«Երբեմն խնդիրները բավականին բարդ են իրենց բնույթով, պետք է ընդունեմ դա». Սվիտալսկին՝ ՀՀ չիրականացրած հանձնառությունների մասին

«Ամենաբարձր մակարդակի քննարկումները գերազանց հնարավորություն են՝ ընդգծելու և ուղեծրելու մեր առաջընթացը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին:

«Վերջին ամիսների ընթացքում անցել ենք համագործակցության նոր մակարդակի, և վարչապետը Եմ ղեկավարների և առաջնորդների հետ քննարկելու է տարբեր ակնկալիքները ու կարիքները, որոնք ՀՀ-ն ունի խորհրդարանական ընտրություններից հետո: Հետևաբար՝ մենք անհամբերությամբ սպասում ենք արդյունավետ և բարեկամական երկխոսության»,- ասաց դեսպանը:

Դեսպան Սվիտալսկին խոսեց նաև ֆինանսական ծրագրերից, որոնք նախատեսված են եղել անցյալ տարի իրականացնելու համար և դեռևս չեն ակտիվացվել:

Դեսպանը տեղեկացրեց, որ շատ ինտենսիվ, նույնիսկ ամենօրյա մակարդակի քննարկումներ են ունենում իրենց հայ գործընկերների հետ առ այն, թե ինչպես կարող են ակտիվացնել այդ գումարները:

«Ես կարող եմ, որպես օրինակ, ցույց տալ, որ բազմամիլիոնանոց ծրագրեր կան Երևանում, և դրանք կանգ էին առել, ձգձգվել նախկինում՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ, ներկայումս շատ արագ արձագանքող հաղորդակից ունենք քաղաքապետարանում, թե ինչպես կարող ենք արագ առաջ մղել այս ծրագրերը»,- ասաց Սվիտալսկին:

Սակայն նա նշեց, որ քննարկում են, թե ինչպես արդեն իսկ հատկացված ծրագրերը կրկին ակտիվացնել:

«Երբեմն խնդիրները բավականին բարդ են իրենց բնույթով, պետք է ընդունեմ դա, դրանք ոչ թե հիմնված են քաղաքական կամքի բացակայության վրա, այլ գործնական խնդիրների ինքնահոսի պատճառով, բայց հուսով եմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել: Այստեղ խոսում ենք խոշոր ծրագրերի մասին, որոնք հիմնված են տարբեր միջոցներից ֆինանսավորման համար, կան ծրագրեր, որ մենք արդեն միջոցներ ենք տրամադրել, բայց մեր տեսանկյունից դանդաղ են:

Ինչ վերաբերում է դրամաշնորհներին և բյուջետային աջակցությանը, ապա մենք խորը գնահատում ենք իրականացրել չիրականացված հանձնառությունների, և ես ստորագրել եմ նամակ խնդրանքով, որ որոշակի ժամկետներ ու ուղենիշներ վերանայվեն, որը հնարավորություն կտա Հայաստանին օգտվել արդեն հատկացված գումարներից, մի քանի նախագծերի մասին է խոսքը: Ես շատ սատարող եմ, ստացել ենք այս խնդրանքը և սատարում ենք նրանց: Մենք արձագանքում ենք դրականորեն ՀՀ խնդրանքներին՝ հետաձգելու որոշակի հանձնառություններ, որպեսզի այս գումարները չկորսվեն, քանի որ դրանք արդեն հատկացվել են, ամրագրվել են: Բյուջետային աջակցությունն այդպես է գործում, երբ ժամկետն անցնում է, այն ետ է կանչվում, և այլևս չեք կարող օգտագործել»,- ասաց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս