Բաժիններ՝

Զարիֆը հորդորել է Իրանի ԱԳՆ-ի աշխատակիցներին շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հորդորել է գերատեսչության բոլոր աշխատակիցներին երկրում եւ արտասահմանում շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո: Նախարարի խոսքը փետրվարի 26-ին մեջբերել է IRNA գործակալությունը: Զարիֆն այդ կերպ է արձագանքել իր հեռանալուց հետո լիազորությունները վայր դնելու մի շարք դիվանագետների մտադրությանը:

«Ես հաստկապես նշում եմ արտաքին գործերի նախարարությունում բոլոր եղբայրների ու քույրերի համար. շարունակեք կատարել ձեր պարտականությունները երկիրը պաշտպանելու նպատակով եւ խուսափեք նման գործողություններից»,- ասել է նա:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրյակին հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը: «Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել է Զարիֆն իր Instagram-ում:

Մինչդեռ Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով: ԱԳ նախարարի հնարավոր պաշտոնաթողության հետ կապված իրադրությունը փետրվարի 26-ին քննարկվելու է իրանական խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության արտահերթ նիստում: Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս