«Նույն սկզբունքին հավատարիմ ենք մնալու նաև հետայսու». «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայտարարություն է տարածել.
«Վերջին շրջանում հաճախակի անդրադարձ է կատարվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը և նրա կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրին:
Միանգամայն ընդունելի ենք համարում հասարակական առողջ հետաքրքրությունը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեության նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս՝ երկրի առաջատար ձեռնարկություններից մեկը լինելու հանգամանքը (արտադրության ծավալներով, վճարված ռեկորդային հարկերով, աշխատատեղերի քանակով, սոցիալական ծրագրերով և այլ ցուցանիշներով), ինչպես նաև բարձր ենք գնահատում կարծիքի արտահայտման՝ ներառյալ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատությունը: Սակայն, միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ծանուցել, որ այդ ազատությունը բացարձակ բնույթ չի կրում և ունի իրացման որոշակի սահման. ավարտվում է այն կետում, որտեղ սկսվում են այլոց իրավունքներն ու օրինական շահերը:
Խիստ մտահոգիչ է հատկապես տեղեկատվություն տարածողների անիրազեկվածության մակարդակը, ինչն, առաջին հերթին, անարգանք է լսարանի նկատմամբ: Օրինակ, վկայակոչվում են ընկերության կողմից 2017 և 2018 թվականներին վճարված հարկերի վերաբերյալ տվյալներ, դատողություններ են կատարվում այդ պարտավորությունների ձևավորման ճանապարհների, ընկերության ստացած եկամուտների մասին՝ տեղյակ չլինելով անգամ հանրային հարթակներում հասանելի աղբյուրներում տեղադրված տվյալներին: Մասնավորապես, 2019 թվականի հունվարին հրապարակվել է Հայաստանի ԱՃԹՆ (EITI) առաջին զեկույցը` 2016 և 2017 թվականների համար, որը պարունակում է բավականին մանրամասն տվյալներ՝ ընկերության նշված տարիների գործունեության մասին (արտադրության և իրացման ծավալներ, արտահանում, վճարված հարկեր, բնապահպանական և բնօգտագործման վճարներ, սոցիալական և բարեգործական հատկացումներ և այլն) (հասանելի է www.eiti.am կայքում): Այդ տվյալները անկախ աուդիտորի («Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ) կողմից համադրվել են նաև պետական իրավասու մարմինների ներկայացրած համարժեք տվյալների հետ՝ ապահովելով դրանց բազմակողմանիությունը և արժանահավատությունը:
Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով տրամադրել հավելյալ տեղեկատվություն՝ բարձրաձայնված որոշ հարցերի վերաբերյալ, պարզաբանում ենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը յուրաքանչյուր տարվա համար հարկերը հաշվարկում և վճարում է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ներառյալ նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա կանխավճարներ և վերջնավճարներ կատարելու միջոցով:
Ընդ որում, համապատասխան հարկման բազայի ձևավորումը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալներով և մետաղների միջազգային շուկայում ձևավորված գներով:
Տվյալ պարագայում, 2018 թվականի վճարված հարկի գումարի առյուծի բաժինը հաշվարկվել է 2017 թվականի առևտրային գործունեության արդյունքների հիման վրա՝ կրելով 2016 թվականի համեմատ մետաղների միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների, պղնձի խտանյութի արտադրության ծավալների և 2018 թվականին ընկերության կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների աճի ուղղակի ազդեցությունը:
Հատկանշական է, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը, անկախ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դժվարություններից, միշտ պահպանել է սոցիալական ծրագրերի իրականացմանն ուղղվող հատկացումները. այդ նպատակներով ընկերությունը տարեկան տրամադրում է մոտ 5 միլիարդ ՀՀ դրամի չափով գումար: Ընդ որում, դրանք չեն ներառում մարզի զարգացմանն ուղղված այնպիսի խոշոր բարեգործական ծրագրերին հատկացումները, ինչպիսիք են, օրինակ, Կապանի օդանավակայանի վերագործարկմանն ուղղված և ուղղվելիք ծախսերը:
Ելնելով որդեգրված սոցիալական պատասխանատվության քաղաքականության սկզբունքներից՝ իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ, որպես կանոն, հանրայնացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր նվազագույն տեղեկատվությունը, չցանկանալով դրան գովազդային երանգ տալ: Նույն սկզբունքին հավատարիմ ենք մնալու նաև հետայսու:
Ինչևէ, հակված չենք բանավեճի բռնվելու և համարժեք հռետորաբանությամբ արձագանքելու բոլոր մտացածին հայտարարություններին ու հրապարակումներին, սակայն պատրաստ ենք և ունակ ենք բոլոր հարթակներում սահմանված կարգով պաշտպանելու մեր ընկերության, իրենց ամենօրյա տքնաջան ու նվիրական աշխատանքով բարիք ստեղծող մեր բազմահազարանոց կոլեկտիվի (ավելի քան 4 500 հոգի) իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ»: