Ուրցաձորցիները հեռացան. գնդակը Դավիթ Սանասարյանի դաշտում է
Հանրապետության հրապարակում ուրցաձորցիների այսօրվա բողոքի ակցիային ի պատասխան՝ Կառավարությունից միայն մի խոստում է հնչել՝ Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Ուրցաձորի վերընտրված համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի գործունեությանն առնչվող բոլոր նյութերը: Այս խոստումը հնչեցվել է Կառավարության դիմում-բողոքների բաժնի պետի կողմից, 120 հոգանոց կազմով Արարատի մարզից Երևան եկած ցուցարարներից որևէ մեկին այդպես էլ Կառավարության աշխատակազմի ղեկավարը չի ընդունել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետից ոչ ոք հանդիպման չի իջել:
«Մեր բողոքի ակցիան, ըստ էության, Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին էր ուղղված, բայց նա հարկ չհամարեց գալ-հանդիպել գյուղացիներիս: Նա էր ստանձնել մեր համայնքի փոշիացած ռեսուրսների ուսումնասիրությամբ զբաղվելը, բայց եկավ գյուղ, Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց, իսկ հետո նյութերն այդպես էլ ընթացք չստացան»,- 168.am-ի հետ հանդիպման արդյունքների մասին պատմեց Կառավարության շենք մտած՝ ցույցի առաջնորդ Գևորգ Պետրոսյանը:
Կառավարությունը, փաստորեն, ցուցարարների ներկայացրած պահանջի մի մասն է միայն ընդունել՝ ընթացք տալ համայնքի բյուջեի ուսումնասիրություններին, բնակիչների մյուս՝ հիմնական պահանջը՝ այս ընթացքում դադարեցնել գյուղապետի լիազորություները, ապա նոր ընթացք տալ Վերահսկողական ծառայությունում գտնվող գործի նյութերին, ոչ լեգալ պահանջ են համարել: Ավելին, ցուցարարներին հայտնել են, որ Ռաֆիկ Պետրոսյանի որդուն պատկանող հողատարածքներն օրինական են, և չկա իրավաբանորեն դրանցից «կախվելու» ոչ մի կետ:
Ուրցաձորիները բավարարված չեն կառավարության վերաբերմունքից, ասում են՝ «սուտ է, հեղափոխությունից հետո մեր երկրում ոչինչ չի փոխվել»:
Ակցիայի առաջնորդ Գևորգ Ավետիսյանը կառավարության շենքից հանդիպումն անավարտ թողել ու դուրս է եկել:
«Լսածիցս հետո մնալս արդեն ավելորդ էի համարում»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց հեղափոխությունից հետո Գազանանոցի բակային աշխատողից Ուրցաձորի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Գևորգ Ավետիսյանը, ով 2019թ. փետրվարի 18-ին ՏԻՄ ընտրություններին պարտվեց նույն Անդրեասյանին:
Գևորգ Ավետիսյանի խոսքով՝ Ուրցաձորում մթնոլորտը շարունակում է մնալ լարվածության մեջ:
«Ամեն պահի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ կարող է վեճի բռնվել իմ կողմնակիցներից ցանկացած մեկը, ու դա իր համար դառնա ճակատագրական, իսկ այս ամենը պիտի լավ գիտակցի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա Ռաֆիկ Անդրեասյանի հետ հանդիպումից հետո զարմանալիորեն ոչինչ չհայտնաբերեց, ասաց, թե ռեսուրսներ չունենք, որ ի վիճակի լինենք պատշաճ ուսումնասիրություններ անցկացնել Ուրցաձորի համայնքապետարանի ծախսերում: Հիմա պահանջում ենք վերանայել գործի բոլոր նյութերը, տարիների ծախսերը, այլապես մենք նորից դուրս կգանք փողոց»,- Դավիթ Սանասարյանին նախազգուշացնում է Գևորգ Ավետիսյանը: Ասում է՝ տարակուսած է, քանի որ իր կարճ պաշտոնավարման ընթացքում սեփական ջանքերով խոսուն փաստեր է բացահայտել՝ Ռաֆիկ Անդրեասյանի կատարած հանցավոր գործարքներից: Հիշատակեց մի քանիսը՝ ընտանիքի անդամներին՝ կնոջը և երկու դուստրերին, համայնքապետարանում գրանցած է եղել աշխատանքի, ինչը, նրա խոսքով, ակնհայտ պաշտոնական դիրքի չարաշահում է, Ուրցաձորի զարգացման հիմնադրամն է սոսկալի վիճակում, փոխարենը՝ 19 տարի պաշտոնավարած Ռաֆիկ Անդրեասյանի գործազուրկ որդին հասցրել է մեծ կալվածատեր դառնալ. իր անվամբ ահռելի հողատարածքներ են օտարված:
Բողոքի ակցիան ժամանակավոր դադարեց, բայց ցուցարարները հեռացան՝ Գլխավոր դատախազությանն ու Դավիթ Սանասարյանին տված խոստում-նախազգուշացումով՝ այս երկու կառույցներում ձեռնպահ մնալը վտանգավոր իրավիճակի կհանգեցնի Ուրցաձորում, իսկ դրա պատասխանատուն, ըստ նրանց, Դավիթ Սանասարյանն է:
Սյուզի Բադոյան