Ինչու չկայացավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունների մի քանի հայտարարություններ որոշակի հստակություն մտցրեցին այն ակնկալիքներում, որոնք ուներ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի վերջին միտումներին։

Հիշեցնենք, որ Մյունխենում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հանգամանքին, որ մինչ համաժողովը չէր բացառվում ՄՆացականյան-Մամեդյարով հանդիպում, Զոհրաբ Մնացականյանն ասել է․ «Մենք չէինք ծրագրել առանձին հանդիպում: Մենք կարող ենք դեռ հանդիպել միջանցքներում, գուցե դրա առիթը դեռ չի եղել: Մենք որևէ խնդիր չունենք արտգործնախարար Մամեդյարովի հետ ոտքի վրա հանդիպելու, բարևելու, բայց առանձնահատուկ չենք ծրագրել: Եթե ծրագրած լինեինք, կհայտարարեինք դրա մասին: Մենք բավական ուշադիր ենք այդ հարցում»:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Մյունխենում հանդիպում ծրագրված չի եղել, սակայն դա չի նշանակում, որ խոսելու բան չկա: «Աշխատանքը շարունակվում է, իր տրամաբանությունն ունի»,- ասել է նա՝ նշելով, որ իրենք շարունակելու են հանդիպել։

Հարցին, թե Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչների կողմից առաջարկ եղե՞լ է արդյոք կազմակերպելու հանդիպում, արտգործնախարարը պատասխանել է. «Մեզ համար մոտեցումն այն է, որ մենք անում ենք այն, ինչ մեզ է պետք, ոչ թե կազմակերպիչներին կամ որևէ մեկին»:

Մինչ այդ նախարար Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ լինելու է Մյունխենում, իր տեղեկություններով՝ այնտեղ է լինելու նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը։ Նա ակնարկել էր, որ հնարավոր հանդիպման մասին մանրամասներ կհայտնվի, երբ կողմերը համաձայնեցնեն կազմակերպչական բոլոր հարցերը։

Ալեքսանդր Ռարի խոսքով՝ բանակցային գործընթացի վերջին ամիսների ինտենսիվությունը կարծես թե կոտրվում է այն հայտարարությունների պատճառով, որոնք արեցին կողմերը վերջին մի քանի շաբաթների ընթացքում։

Նա մատնանշեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև նախարարների վերջին բոլոր հայտարարությունները, որոնցում, ի տարբերություն նախորդ շրջանի անորոշության, կողմերը շատ ավելի հստակ ու կոշտ դիրքորոշում հայտնեցին, միմյանց պատասխանեցին, կասկածի տակ դրեցին նույնիսկ բանակցային գործընթացը։

«Ադրբեջանի իշխանությունների հայտնած դիրքորոշումներում որևէ նորություն չկար՝ նախկին կոշտ դիրքորոշումների համեմատությամբ, իսկ ՀՀ իշխանությունները հստակեցրին, որ Ադրբեջանը ևս պետք է խոսի այն զիջումներից, որոնց ինքն է պատրաստ, Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ։ ՀՀ վարչապետը նշել էր նաև, որ պարզապես «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» կոնցեպտն անընդունելի է հայկական կողմի համար։ Կարծում եմ՝ սա որոշակի հստակություն մտցրեց այն ակնկալիքներում, որոնք ուներ ադրբեջանական կողմը։

Պետք է արձանագրեմ նաև, որ Հայաստանի նոր իշխանությունները մի քանի ամիս շարունակ փորձեցին խուսափել հստակ դիրքորոշումներից, որոշ բացառություններով, քանի որ ժամանակ առ ժամանակ խոսում էին բանակցություններում Արցախի մասնակցության մասին, սակայն շարունակում բանակցությունները նախկին ձևաչափով։

Հասկանալի է, որ նախկին ինտենսիվության շահագրգիռ կողմն Ադրբեջանն էր, որը կարծում էր, թե նոր իշխանությունների հետ կկարողանա գնալ այլ գործարքների, քանի որ տեսանելի էր նաև ՀՀ իշխանությունների զգուշությունը և բանակցելու պատրաստակամությունը։ Հիմա իրավիճակ է փոխվում, և հետաքրքիր է լինելու հետևել, թե արդյոք կողմերը կկարողանա՞ն պահպանել նախկին ինտենսիվությունն ու տրամադրվածությունը բանակցային գործընթացի հարցում՝ հասկանալով, որ զիջումների հարցը երկու կողմի համար էլ ցավագին հարց է։ Իմ համոզմամբ՝ բանակցային գործընթացում իրավիճակ է փոխվել կամ փոխվելու է, այն վերադառնալու է նախկին փակուղային վիճակին։

Անկեղծ կասեմ, որ սա կանխատեսելը բարդ չէ, մեծ փորձագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար սա, քանի որ տասնամյակներ շարունակ իրավիճակը եղել է փակուղում, քանի որ դիրքորոշումներ չեն փոխվել, ներկայումս ևս չեն փոխվում, կողմերը նույն կետում են, ուստի վաղ թե ուշ ՀՀ նոր իշխանությունները ևս հայտնվելու են Ղարաբաղյան բանակցային փակուղում։

Երբ կողմերը կկարողանան զիջումների հարցում կոնսենսուս ունենալ, առաջին հերթին՝ իրենց հասարակություններում, իշխանությունները դրան պատրաստ կլինեն, գործընթացի ողջ տրամաբանությունը կփոխվի։ Ի սկզբանե կանխատեսելի էր, որ առանց հիմնավոր պայմանավորվածությունների՝ ինտենսիվ բանակցային մեկնարկը հիմնված է ակնկալիքների ու պարզապես կողմերի միջև առկա մթնոլորտը մեղմելու ցանկությունների վրա»,- ասաց Ալեքսանդր Ռարը։

Նա այն կարծիքին է, որ առաջիկայում ինտենսիվ բանակցություններ չեն լինի։

 

Տեսանյութեր

Լրահոս