«Ախպեր, մենք մեր 50 կիլոգրամն ենք ուզում… ԱԺ-ում ելույթ ունեցավ. բա դա խոսելու ձև՞ էր». Թուրքիայից ապրանք ներկրող քաղաքացիները՝ Կառավարությանը
Թուրքիայից ապրանք ներկրող քաղաքացիները դիմել են ՀՀ կառավարությանը՝ խնդրելով, որպեսզի թողնեն ներմուծել օրենքով նախատեսված 25 կիլոգրամ ապրանքը, սակայն դրա հետ միասին՝ չկշռեն նաև իրենց հագած շորերը:
Նրանք կարծում են, որ նույնիսկ կարող են թույլ տալ, որ նախկինի նման 50 կգ բերեն:
«Ես մեր վարչապետին ընտրել եմ՝ տեսնելով, որ նա ազգասեր, հայրենասեր մարդ է, բայց հիմա նա մի փոքր սխալ քայլեր է անում: Ազգային ժողովում ելույթ ունեցավ. բա դա խոսելու ձև՞ էր: Փաշինյանը ոչ թե սկսեց մեծերից, այլ մեր նմաններից: Չենք ժխտում՝ կան առևտրականներ, որ չափն անցել են: Այո՛, թող պարկերով ապրանք բերողներին բռնեն: Բայց մենք, լինում է, որ ձեթ, տան համար անհրաժեշտ այլ սնունդ ենք բերում, դա չպետք է հաշվեն: Մենակ լվացքի փոշին 10 կիլոգրամ է:
Մեր մեջ կան մարդիկ, ովքեր արդեն թոռներ ունեն, բա տուն են մտնում, մի նվեր չտա՞ն: Ախպեր, մենք մեր 50 կիլոգրամն ենք ուզում. Կեսը՝ անձնական, կեսն էլ՝ վաճառքի: Մի ջինսե ձմեռային շալվարը 1 կիլոգրամ է, երկու ամառայինը՝ մոտ 1.5 կգ: Ախր մենք ինչո՞ւ պետք է տուժենք: Պատկերացնո՞ւմ եք, թուրքը որ թուրք է, ապրանքը պարտքով տալիս, ասում է՝ կվաճառեք, նոր գումարը կտաք: Փաշինյանը թող աջակցի, որ բանկերի սև ցուցակում վարկը ուշացնելու համար հայտնվածներին գոնե հանեն: Մեծ գումարներ ունեցողներին թող բռնի, գործարաններ թող սարքի: Մենք վարկեր ունենք բանկերում, շատերը սև ցուցակ են ընկել՝ ժամանակին վճարումներ չկատարելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասացին առևտրականները:
Նշենք, որ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Թուրքիայից ապրանք ներկրող մոտ 600 առևտրականների դժգոհությանն անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք պիտի շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբե՞լ: Չի կարելի տենց, կներեք: Ֆուռը բերում, կանգնացնում են, 50-50 կգ-ով ներս են բերում ապրանքը: Ո՛չ և ո՛չ: Չի լինելու էդպիսի բան, չեն լինելու էդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ: Մենք չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք ու իրար ֆռռցնենք: Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում ա, որ ինչ-որ որոշում կայացնի:
Չի՛ լինելու որոշում, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի… էս ի՞նչ բան ա, խաբեությունը, սուտը դարձել ա հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Չի լինելու, ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի: Ստի վերջը եկել ա»:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:
Անի Կարապետյան