Բաժիններ՝

Քաղաքացիները պետք է դրսևորեն էկոլոգիական վարքագիծ, այդ թվում՝ «ծխող և ծխախոտը գետնին գցողները». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում մեկնարկել են կառավարության ծրագրի քննարկումները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անցած տարի դեկտեմբերին կայացած ընտրությունները բացառիկ էին ՀՀ պատմության մեջ, որովհետև միջազգային հանրության կողմից գնահատավեցին որպես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական:

Ըստ նրա՝ նույն գնահատականը տվեց նաև հայ ժողովուրդը, ընտրությունների արդյունքները չբողոքարկվեցին ՍԴ-ում, հետևաբար՝ ունենք աննախադեպ բարձր լեգիտիմության օրենսդիր և գործադիր մարմիններ:

«Կարող ենք արձանագրել, որ նախորդ տավա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններով ավարտվեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության քաղաքական փուլը, երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի: Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանում հաստատված քաղաքական համակարգն անթերի է և հետագա կատարելագործման և լրջագույն բարեփոխման կարիք չունի:

Սա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից»,- ասաց Ն.Փաշինյանը:

Կարդացեք նաև

Նա մեջբերեց կառավարության ծրագրի առաջին պարբերությունը. «Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»:

Ն.Փաշինյանը նշեց, որ սա գործնականում նշանակում է, որ Կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ հինգ տարի հետո մեր երկրում առաջատար դառնան տեխնոլոգիաները, ընդ որում՝ խոսքը բոլոր տեխնոլոգիաների մասին է՝ տեղեկատվական, բարձր, անվտանգային, շինարարական, կրթական, գյուղատնտեսական, արդյունաբերական:

Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է կատարեն ավելի քիչ ֆիզիկական աշխատանք և ավելի շատ մտավոր: Վարչապետը նշեց, որ տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն էկոլոգիական չափանիշներին, իսկ քաղաքացիները դրսևորեն էկոլոգիական վարքագիծ, այդ թվում՝ «ծխող և ծխախոտը գետնին գցողները»:

Ն.Փաշինյանը կաևորեց բոլոր ոլորտներում տնտեսության արտահանմանը միտված լինելու հանգամանքը:

Նա նշեց, որ ՀՀ շուկան չափազանց փոքր է մենաշնորհային լինելու համար: Նա հույս հայտնեց առաջիկայում ունենալ ծանր արդյունաբերություն, մետալուրգիայի լուրջ արտադրություն:

Միաժամանակ նա կոչ արեց քաղաքացիներին առավելություն տալ տեղական արտադրանքին:

Ն.Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն արևմուտքի հետ ունի GSP+ առևտրային ռեժիմ և արտահանման պոտենացիալը մեծ է, հիմնական խնդիրը մեր ապրանքների որակի համապատասխանեցումն է արտաքին շուկաների պահանջներին:

Նա կարևորեց մրցունակության բարձրացումը, վարկերի տոկոսադրույքների նվազումը, տնտեսության ներառական դառնալը, այսինքն՝ ՀՆԱ-ի ստեղծմանը մասնակցեն հնարավորինս շատ ընկերություններ և երկիրը կախված չլինի մի քանի խոշոր ընկերություններից:

«Մենք չենք ուզում միկրոբիզնեսը մնա միկրոբիզնես, փոքր բիզնեսը մնա փոքր բիզնես, միջինը՝ միջին բիզնես: Ընդհակառակը, մենք ուզում ենք, որ տնտեսության ծավալներն աճեն և դրա հետ միկրոբիզնեսը փոքր, միջին, խոշոր բիզնես դառնալու հնարավորություն ունենա: Եվ սա մեր նպատակադրումներից է»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նկատելով, որ ՀՀ կառավարությունը փոխարինելու է տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական զարգացման քաղաքականությամբ:

Ն.Փաշինյանն ազդարարեց համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս