Բաժիններ՝

Կառավարությունն ընդունելու է պարգևավճարների միասնական ու կանխատեսելի մոտեցում. Ջանջուղազյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումն ավարտվել է

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են պարգևավճարների հետ կապված հարցերը, այդ ուղղությամբ ճիշտ լուծումների գալու հնարավորությունները:

«Այս ձևաչափն առավել շատ աշխատանքային կարգով էր, նպատակն էր հանգել ճիշտ լուծումների: Պատգամավորների մոտ անհանգստություն կար այդ խնդրի առումով, հարցը պարգևավճարների չափը չէ, այլ ավելի կոնցեպտուալ խնդիրների»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում արդեն իսկ աշխատավարձի ֆոնդով 30 տոկոսի չափով պարգևավճարներ են նախատեսված: Հարցին, թե ինչպես է ստացվել, որ ինքը դեկտեմբերին ստացել է 5 մլն դրամ պարգևավճար՝ Ջանջուղազյանն ասաց, որ այդ գումարը միայն պարգևավճարը չէ, այլ աշխատավարձը, արձակուրդային վճարը և այլն: «5 մլն դրամն ընդհանուր համախառն վճարն է՝ աշխատավարձ, հարկեր և այլն: Ես հայտարարատու եմ և կարող եք տեսնել, որ 2017-ին և 2018-ին իմ վարձատրությունները տարբերվել են ընդամենը 10 տոկոսով»,- ասաց նա:

Ջանջուղազյանն ավելացրեց, որ կառավարությունն առաջիկայում ընդունելու է պարգևավճարների միասնական մոտեցում ցուցաբերող որոշում, որը գործընթացը կդարձնի կանխատեսելի ու թափանցիկ: Միաժամանակ, նախարարն ասաց, որ կառավարությունը շարունակելու է հնարավորություն ունենալ օպտիմալացման արդյունքում գոյացած միջոցները նույնպես ուղղել խրախուսմանը: «Մենք չենք առաջարկում ֆինանսներ կրճատել, սակայն օգտագործվող ֆինանսների դիմաց պետք է ստանալ համարժեք արդյունք: Միաժամանակ, ամրագրված է, որ չի կարող խրախուսման նպատակով աշխատավարձի ֆոնդից ավելի շատ միջոցներ օգտագործել»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով նախորդ տարվա պարգևավճարներին՝ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում իրականացվել են միջոցառումներ, որոն արդյունքում գոյացել են լրացուցիչ միջոցներ, որտեղից էլ եղել են պարգևավճարները:

Հարցին, արդյոք չի քննարկվել պարգևավճարների փոխարեն աշխատավարձերը բարձրացնելու հնարավորությունը՝ նախարարը դրական պատասխան տվեց և հավելեց. «Չենք գնացել այդ ճանապարհով, քանի որ բազային աշխատավարձի ավելացումն ինչ-որ ժամանակ հետո դադարում է խթանման միջոց հանդիսանալ, իսկ պարգևավճարը հնարավորություն է տալիս լրացուցիչ խթաններ ստեղծել աշխատանքի համար: Երբ մարդը սովորում է իր միջոցների չափաքանակին՝ դա սկսում է այլևս չծառայել իր խթանմանը: Պարգևավճարներ ունենալու տեսակետը մասնավոր հատվածում ևս լայնորեն է կիրառվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս