Հայաստանի համար Վերին Լարսին այլընտրանքը շարունակում է մշուշոտ մնալ

Ռուսական ԶԼՄ-ների համաձայն՝ Մոսկվան և Թբիլիսին ավարտել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի գործնական կատարմանն անհրաժեշտ ընթացակարգերը։

Ըստ ռուսական «Կոմերսանտի»` այն թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն ապրանքների առևտրի ու տարանցման համար, սակայն չի երաշխավորում, որ Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված, բայց Վրաստանի կողմից զավթված համարվող հանրապետությունների տարածքներով իսկապես բեռներ կանցնեն:

Համաձայնագրի հարցում առկա սուր անկյունների հնարավոր վերացումից հետո գործարկվելիք Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանապարհները Հայաստանի համար լուրջ այլընտրանք կդառնան Վերին Լարսի ուղղությանը, որը մեծ խնդիր է դարձել հայկական կողմի համար, քանի որ տարվա կեսը, ըստ էության, լինելով փակ՝ մեծ խոչընդոտներ է ստեղծել դեպի Ռուսաստան հայկական բեռնափոխադրումների և տեղաշարժի համար:

Տեղեկացնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. նոյեմբերի 9-ին, երբ Վրաստանը հանել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի անդամակցության վետոն: Վրացական կողմը պայման էր առաջադրել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով բեռներն անցնեն ՌԴ-ից առևտրային միջանցքներով: Ըստ որում՝ կողմերը պարտավորվել են միջազգային միջնորդների հրավիրել բեռների հոսքը և մակնշումը վերահսկելու համար: Միջնորդ է դարձել շվեյցարական SGS ընկերությունը:

«Բայց Վրաստանի հետ համաձայնագիրը, որը նախատեսում է երկու երկրների միջև երեք առևտրային միջանցքի ստեղծում, որոնցից երկուսն անցնում են Աբխազիայով ու Հարավային Օսիայով, այդպես էլ չեն գործարկվել։ Մոսկվային և Թբիլիսիին 7 տարի պետք եղավ, որպեսզի ամեն բան պատրաստ լինի դրա իրականացմանը։

Այժմ, պնդում է աղբյուրը, թղթաբանությունն ավարտվել է, և այլևս որևէ բան չի խանգարում մաքսային վարչարարության ու մոնիտորինգի համաձայնեցված մեխանիզմի գործարկմանը։ Բեռնափոխադրումների մոնիտորինգով և դրանց մակնշավորմամբ զբաղվելու է շվեյցարական Societe Generale de Surveillance-ը (SGS)»,- գրում է «Կոմերսանտը», հավելելով, որ մոնիտորինգը սկսելու վերջնաժամկետը կողմերը կսահմանեն 2011թ. համաձայնագրին համապատասխան ստեղծված համատեղ կոմիտեի նիստում։

Դժվար է թերագնահատել Վերին Լարսին ստեղծվելիք այլընտրանքի կենսականությունը հայկական կողմի համար, որի շուրջ քննարկումները Հայաստանում չեն դադարում վերջին տարիներին, հատկապես՝ ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունից հետո: Ըստ ռուսական լրատվամիջոցների, հայկական կողմը Լարսին այլընտրանք ստեղծելու հարցի վերաբերյալ բազում խնդրանքներով է դիմել կողմերին:

Օրերս Երևանում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նշել էր, որ Մաքսային կարգավորման վերաբերյալ 2011թ. ռուս-վրացական համաձայնագրի իրականացումը թույլ կտա ՀՀ-ից ապրանքների համար տարանցիկ ևս մեկ միջանցք բացել:

«Մենք մտադիր ենք իրականացնել մեր պարտավորությունները: Շատ կարևոր է լինելու եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը` Շվեյցարիայի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման հանդիպում տեղի կունենա փետրվարին՝ Ժնևում»,- ասել էր Գ.Կարասինը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ տարածաշրջանում խնդիրներ կան, առկա են մի շարք պետությունների քաղաքական կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններ, կա Հարավային Օսիայի խնդիր, որտեղով պետք է անցնի միջանցքը: «Սա նուրբ հարց է, որը մենք կքննարկենք»,- նշել էր Գ.Կարասինը:

Ուշագրավն այն է, որ, թեև կողմերն այս համաձայնագրով որոշել են զերծ մնալ քաղաքական դիսկուրսից Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի շուրջ, «Կոմերսանտի» հոդվածում անանուն ռուս պաշտոնյան ակնարկում է, թե որն է այս համաձայնագրի գլխավոր նպատակներից մեկը, ինչը լուրջ քաղաքական խնդիր է Վրաստանի համար.

«Ըստ էության, համաձայնագրով ստանձնած պարտավորությունները Վրաստանին հարկադրում են Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել՝ որպես ինքնուրույն մաքսային տարածքներ»: Նրա խոսքով՝ համաձայնագրի գլխավոր իմաստն այն է, որ 2008 թվականից հետո «Վրաստանի նոր մաքսային սահմանները գծված են»: Սակայն վրացական կողմը նման մեկնաբանությանը կտրականապես համաձայն չէ:

«Սկզբունքորեն սխալ է հարցն այս կերպ դնելը: Սա նշանակում է՝ թեման նախօրոք փակուղի մտցնել: Մենք քաղաքական բանավեճի մեջ չենք մտնում և ամեն կերպ սուր անկյունները շրջանցում ենք»,- նույն լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել տրանսպորտային ուղիներից՝ Աբխազիայով և Հարավային Օսիայով Ռուսաստանից ապրանքների ներկրման համար, որը մեծ դժգոհության պատճառ էր դարձել վրացական հասարակությունում և ընդդիմության շարքերում:

«168 Ժամի» հետ զրույցում վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ համաձայնագրի վերջնականացումն արհեստականորեն ձգձգվում էր Մոսկվայի կողմից՝ Թբիլիսիի, ինչպես նաև՝ օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանություններից հավելյալ դիվիդենտներ քաղելու, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի անուղղակիորեն Թբիլիսին Աբխազիան և Հարավային Օսիան առանձին մաքսային գոտիներ ճանաչի՝ դրանով իսկ ընդունելով անկախությունը:

Ըստ նրա՝ սա, իհարկե, անընդունելի է Վրաստանի հասարակության և մի շարք քաղաքական շրջանակների համար, ուստի այս համագործակցությունը պետք է շատ ավելի թափանցիկ դառնա հասարակության համար, քանի որ միայն ակնարկն առ այն, որ համաձայնագրի նպատակը Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բեռնափոխադրումների վերահսկողությունն է, չի բավարարում հասարակությանը, և անհիմն ենթադրություններից խուսափելու համար այս ամենն ավելի թափանցիկ պետք է լինի:

«Իհարկե, կոմիտեի առաջին եռակողմ նիստը, եթե մանրամասներ հաղորդվի, կհստակեցնի այն հարցը, թե երբ կսկսի շվեյցարական ընկերությունը մոնիտորինգը, և ինչ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի համար:

Սա նուրբ քաղաքական խնդիր է Վրաստանի համար, քաղաքական ազդեցության ընդլայնման փորձ՝ ՌԴ-ի համար, ուստի Վրաստանի իշխանություններից է պահանջվում զգոնություն, որպեսզի այս ցավոտ թեման և Վրաստանի ազգային շահերը չստորադասվեն չգիտակցված սխալի արդյունքում: Այն, որ Վրաստանի ներկայացուցիչը խոսում է ճանապարհներն ավտոմատ բացելու պարտավորության բացակայության մասին, նշանակում է, որ շատ քաղաքական հարցեր դեռ կարգավորված չեն, և քննարկումները կշարունակվեն:

Անձամբ գտնում եմ, որ սա միայն մեկ կամ երկու նիստով հանգուցալուծվող հարց չէ, քանի որ հարմար պահի ռուսական կողմը ցանկանալու է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության հարցը փաթաթել Թբիլիսիի վրա, որն անընդունելի է, և վստահ եմ, որ դա վրաց իշխանությունները հասկանում են: Այնպես որ, Հայաստանի համար այլընտրանքի հնարավորություն կա, բայց ըստ իս՝ այն մշուշոտ է»,- ասաց Ցինցաձեն:

Իր հերթին՝ մեկ այլ վրացի վերլուծաբան՝ Կախա Գոգոլաշվիլին, ասաց, որ Հայաստանի համար տարածաշրջանային առևտրի խորացման և ակտիվացման շատ ավելի լավ կոմբինացիաներ կան, քան այս տարբերակն է, որով խորանալու է ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանում, իսկ թե այդ ամենից ինչ են ստանալու մյուս բոլոր կողմերը՝ դեռ ակնհայտ չէ:

«Ես բազմիցս նշել եմ, որ Վրաստանը ցանկանում է աջակցել, որպեսզի ՀՀ-ն դուրս գա աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով հայտնված տարածաշրջանային շրջափակումից, կամ դրա ազդեցությունը թուլանա: Վստահաբար նման այլընտրանքը հավելյալ հնարավորություն կդառնա ՀՀ-ի համար: Բայց Հայաստանը շատ ավելի լայն հնարավորություններ ունի այլ պրոյեկտներով ակտիվացնելու իր տնտեսությունը, ինչպիսին Իրան-Հայաստան-Վրաստան տարանցման ուղու մասին գաղափարն է և հաղորդակցության այն ուղիները, որոնք այս տարածաշրջանում զարգացնելու ուղղությամբ միջոցներ է ներդնելու Եվրոպական միությունը:

Այդ մասին արդեն հայտարարվել է` և Վրաստանում, և ՀՀ-ում ԵՄ-ն մեծ գումարներ է ներդնելու հաղորդակցության ուղիները զարգացնելու և նոր ուղիներ բացելու համար: Ֆինանսական նոր հատկացումները հենց այդ ծրագրերի համար են հատկացված: Ուստի Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը պետք է իրականացնեն այդ ամենը, որը դուրս կբերի տարածաշրջանը ՌԴ-ի ազդեցությունից:

Սակայն այս ուղիները ևս կարող են օգտակար լինել տարածաշրջանին, պարզապես ռուսական գործոնն անհանգստացնող է»,- ասաց Գոգոլաշվիլին: Նա ևս այն կարծիքին է, որ չնայած մտադրությանը՝ քաղաքական խնդիրները հեռու պահել այս համաձայնագրից, քաղաքական բաղադրիչն առկա է ու դեռ զգացնել է տալու:

Տեսանյութեր

Լրահոս