«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում որոշում ընդունեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը 10 մլն դրամի չափով տուգանելու մասին: Պարզվել է, որ խնդիրներ են եղել մի քանի դեպքերով՝ կապված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի հետ:
«Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ 154 դեպքում խախտումներ են եղել: Չեն պահպանվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների մի շարք կետերով սահմանված ժամկետները: Այդ առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ»,- ասաց հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից 2019 թվականի հունվարի 16-ի գրությամբ ներկայացված պարզաբանումների համաձայն, 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում ժամկետների խախտման հիմնական պատճառ են հանդիսացել նախ՝ նոր համակարգերի կառուցման աշխատանքները երրորդ կողմի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացումը, որի ընթացքում տրամադրվել են միայն միացման սխեմաներ, և ապա՝ կապալառու կազմակերպությունների կողմից աշխատանքների իրականացման ժամկետները:
«Նշված հիմնավորումն, ըստ էության, ընդունելի է հանձնաժողովի համար, սակայն ընկերությունը հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,-ասաց Սերգեյ Աղինյանը:
Հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետը տեղեկացրեց, որ խնդիրները վերացնելու հետ կապված ակտիվ ընկերության ներկայացուցիչներն ակտիվ աշխատում են հանձնաժողովի հետ: Հետագայում համեմատական ուսումնասիրությունների արդյունքում փաստվել է, որ ընկերությունը բարելավել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացը, խախտումների վիճակագրությունն էլ նվազել է: