«Շատ խոսակցություններ, կասկածներ եղան, երբ Փաշինյանի շրջապատում սկսեցին հայտնվել նաև Տեր-Պետրոսյանի գաղափարակիցները». Վիգեն Հակոբյան
Լավ է, երբ մարդիկ զրուցում են իրար հետ, սակայն երկու կողմերն էլ պատրաստ պետք է լինեն, որ խոսքերին կհետևեն կոնկրետ գործողությունները։ Փաշինյան-Ալիև հանդիպումների և Արցախյան հակամարտության կարգավորման գործում դրանց դերի մասին հարցին փետրվարի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը»,- Փաշինյանին մատնանշելով՝ ասաց Մերկելը և նշեց, որ մյուս կողմն էլ պետք է նույնքան խիզախություն ցույց տա իր քայլերում։ Վերջին հաշվով, ըստ Մերկելի, երկու կողմերը պետք է համաձայնության հասնեն։
«Իմ կարծիքով, մի քանի օրվա ընթացքում բավականին լուրջ տրանսֆորմացիաներ եղան Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում, մոտեցումներում: Սկզբնական փուլում շատերը անհանգստացած էին, ուզում էին հասկանալ, թե, ի վերջո, Արցախի հարցում ի՞նչ է ուզում նոր իշխանությունը: Շատ խոսակցություններ, կասկածներ եղան, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատում սկսեցին հայտնվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, գաղափարակիցները: Կարծում եմ՝ Փաշինյանը մի քանի անգամ Ալիևի հետ շփվելուց հետո համոզվեց, թե ի՞նչ են իրենից իրականում ակնկալում գերտերություններն ու Ադրբեջանը: Իսկ Գերմանիա մեկնելուց հետո Փաշինյանի մոտեցումները բավականին կոշտացան:
Նա հստակ վերադարձավ այն սխեմային, որ առանց Արցախի՝ Ալիևի հետ խոսելու բան չունի, քանի որ չի ընտրվել Արցախի բնակչության կողմից: Կարծում եմ՝ խիզախություն հասկացությունը երևի կապված է նրա հետ, որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը կարող է խոսել փոխզիջումների մասին, եթե այդ մասին առաջինն Ադրբեջանը հայտարարի, ինչպես նաև նշի, թե ի՞նչ փոխզիջման է պատրաստ: Փաշինյանը փորձեց վերադարձնել բանակցություններին պատրաստ լինելու ստատուս-քվոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Անի Կարապետյան