Բաժիններ՝

Ուկրաինացիների 20 տոկոսից ավելին հավատում է ընտրություններում Յուլյա Տիմոշենկոյի հաղթանակին. հարցում

Ուկրաինայի բնակիչների 20 տոկոսից ավելին հավատում է երկրի նախագահի ընտրություններում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի հաղթանակին: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի ուսումնասիրության՝ փետրվարի 4-ին հրապարակված տվյալները:

Ուկրաինայում նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: Նախընտրական արշավն սկսվել է դեկտեմբերի 31-ին, նույն այդ օրն էլ սկսվել է թեկնածուների առաջադրումը եւ գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելը: Փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո, որն ավարտվել է փետրվարի 3-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգ օր ունի քննարկման ու գրանցման համար: Վերջին տվյալների համաձայն, հանձնաժողովը գրանցել է արդեն 28 թեկնածուների, փաստաթղթեր է ներկայացրել 89 մարդ:

«Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ընտրողը նրանցից, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին՝ 22,1 տոկոսը, հավատում է, որ հաջորդ նախագահը դառնալու է Տիմոշենկոն»,-հաղորդվում է «Ռեյտինգ» խմբի կայքում հրապարակված նյութերում:

Հետազոտության տվյալների համաձայն, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հաղթանակին հավատում է հարցման մասնակիցների 16,6 տոկոսը, շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել է 11,1 տոկոս, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոյի հաղթանակին հավատում է հարցվածների 4,1 տոկոսը:

Հարցումը հունվարի 19-ից մինչեւ 30-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր քաղաքների բնակիչների շրջանում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի: Հարցմանը մասնակցել են 18-ից բարձր տարիքի 10 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 1,0 տոկոսից ոչ ավելի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս