Մոգերինին նշել է Սիրիայի հետ Եվրամիության հարաբերությունների նորմալացման պայմանը
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հետ բանակցությունների բացմանը հաստատել է, որ ԵՄ-ն Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման նախապայմանը համարում է հակամարտության քաղաքական լուծման մշակումը։
Փետրվարի 4-ին Բրյուսելում ընթանում են ԵՄ-ի եւ Արաբական պետությունների լիգայի կոնսուլտացիաները, որոնք կոչված են նախապատրաստել փետրվարի վերջին Եգիպտոսում երկկողմ գագաթնաժողովի անցկացումը:
«Ես հուսով եմ, որ այս սեղանի շուրջ բոլորը կիսում են այն տեսակետը, որը միայն ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների ճանապարհով քաղաքական լուծումը կարող է խաղաղություն բերել: Մեզ համար դա ակնհայտ նախապայման է Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման եւ երկրի վերակառուցման համար»,-հայտարարել է Մոգերինին՝ դիմելով հանդիպման մասնակիցներին: Նա նաեւ հույս է հայտնել, որ բոլոր երկրները կմասնակցեն Սիրիայի ապագայի շուրջ մարտին պլանավորված միջազգային երրորդ խորհրդաժողովին:
Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադն ավելի վաղ ՄԱԿ-ին կոչ է արել հրաժարվել Բրյուսելում Սիրիայի Արաբական Հանրապետության համար միջոցների հանգանակման շուրջ հերթական դոնորական խորհրդաժողովին մասնակցելուց, «որովհետեւ դրա հիմնական նպատակը քաղաքական պայմաններ պարտադրելն է», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: