Բաժիններ՝

Դժգոհ են «Արմավիայի» Հալեպ-Երևան չվերթի «կողոպտիչ» գներից

ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց իրենց դժգոհությունը՝ «Արմավիա» ավիաընկերության տոմսերի գների բարձրացման առնչությամբ։

«Մենք փորձում ենք ճշտել հայ երիտասարդների խնդիրներն արտերկրում, «Արմավիա»-ի հետ կապված խնդիրը վերաբերում է տոմսերի գների թանկացմանը, ինչի պատճառով մեր հայրենակիցները չեն կարողանում գալ Հայաստան»,– ասաց նա։

Տեղեկացնենք, որ հուլիսի 9-ից «Արմավիա» ավիաընկերությունը վերականգնել է Երևան-Հալեպ, Հալեպ-Երևան չվերթները:

Ըստ Հռիփսիմե Մարգարյանի, «Արմավիայի» մոնոպոլ դիրքը պետք է փոխել և իբրև լուծում առաջարկեց խնդրի առնչությամբ բարձրաձայնել այնքան ժամանակ՝ «մինչև հասնենք խնդրի լուծման»։

Վերջերս՝ հուլիս 9-ին, Սիրիայից վերադարձած երիտասարդ տնտեսագետ սիրիահայ Հարութ Փալուլյանը, ով ևս մասնակցում էր հրավիրված մամլո ասուլիսին, անդրադարձավ Երևան-Հալեպ, Հալեպ- Երևան չվերթների տոմսերի բարձր գների խնդրին և Հայաստան գալու հարցում՝ սիրիահայերի դժվարություններին:

«Գնացինք Սիրիայում «Արմավիա»-ի գրասենյակ, ասացին՝ թռիչքի ժամկետները դեռ հստակ չեն՝ հուլիսի 2-ին կամ 6-ին կլինի, գինը մոտ՝ 670 դոլար է, այդ գինը շատ-շատ էր, որոշեցինք ավտոբուսով գալ. տեղյակ եք ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակին, Թուրքիայի սահմանից հետ վերադարձանք, «Արմավիա»-ից մեզ կրկին ասացին՝ թռիչքը ժամը 9-ին է, բայց տոմս չկա: Եղբայրս, ով ապրում է Հայաստանում, անձամբ գնում է «Արմավիայի» հայաստանյան գրասենյակ և գալուս համար տոմս գնում, որն արժե 470 դոլար»,– պատմում է նա։

Ըստ Հարութ Փալուլյանի, «Սիրիական» ընկերության չվերթների տոմսերը՝ մոտ 320 դոլար են, և հնարավորություն կա միայն մեկ ուղղությամբ տոմս գնելու, իսկ «Արմավիայի» գները՝ 470-480 դոլար արժեն և հնարավորություն չկա մեկ ուղղությամբ տոմս գնելու.«Եթե նույնիսկ չվերադառնաս, տոմսդ չես կարող հետ վերադարձնել, իսկ Երևան-Հալեպ՝ մեկ ուղղությամբ տոմս «Արմավիա»-ն տրամադրում է 380 դոլարով»։

Հարութ Փալուլյանը նաև նշեց, որ իր համար ամենևին հասկանալի չէ առկա գների ու սահմանափակումների պատճառները։

Սիրիայում տիրող իրավիճակի մասին լրագրողների հարցին ի պատասխան, Հարութ Փալուլյանն ասաց.«Սիրիայի իրավիճակի մասին չեմ կարող խոսել, միայն մեկ բան կարող եմ ասել, եթե նախագահի պաշտոնում մնա Բաշար Ասադը, ապա հայերի համար շատ լավ կլինի»։

Փալուլյանը նաև հայտնեց, որ ինքը Հայաստան է եկել մնալու և հայրենիքում հաստատվելու նպատակով.«Հիմա Սիրիայից դուրս գալը շատ դժվար է, միակ երկրները, որ կարող ես գնալ՝ Ռուսաստանն ու Հայաստանն են, և ես շատ շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, որ մեզ սրտաբաց են ընդունում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս