«Անհասկանալի է, թե ինչպես են Գլխավոր դատախազությունն ու ՊԵԿ-ն այդքան սինքրոն գնում Կարեն Կարապետյանի իրավունքները ոտնահարելու ճանապարհով». փաաստաբան
Օրեր առաջ՝ հունվարի 21-ին, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի (ում գործունեությունն այժմ կասեցված է ՊԵԿ նախագահի բանավոր հրահանգով) փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օգտագործելով իր պաշտոնական դիրքը և չարաշահելով պաշտոնական լիազորությունները՝ ակնհայտորեն խոչընդոտում է կոռուպցիոն սխեմաների բացահայտումը:
Ըստ նրա, նախորդ տարի հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակվել էր Կարեն Կարապետյանը, որը մեկ ամսվա ընթացքում իրականացրել էր մի շարք բացահայտումներ, այդ թվում՝ կոռուպցիոն սխեմաներ, որոնք հանդիսացել են հարկային հանցագործություններ և զգալի վնաս են հասցրել տնտեսությանն ու բյուջեին։
«Այս ամենը դուր չի եկել, այսպես կոչված, պետական պաշտոնյաներին, որի արդյունքում ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն է սկսել Օպերատիվ հետախուզության վարչության նկատմամբ»։
Դրանից հետ Հատուկ քննչական ծառայությունում ՕՀՎ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, որը 3.5 ամիս անց կարճվել էր։
Փաստաբանը նաև տեղեկացրել էր, որ այս ամենից հետո Կ. Կարապետյանը դիմել է ՀՀ վարչապետին և ներկայացրել իր բողոքը, ինչպես նաև վարչապետին տեղեկացրել իր կողմից կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին՝ կասկած հայտնելով, որ գուցե իրեն մեկուսացնում են իր գործունեությունից այն պատճառով, որպեսզի կոռուպցիոն սխեմաները չբացահայտվեն։ Ինչից հետո վարչապետի հանձնարարությամբ ՊԵԿ նախագահին են ուղարկվում Կ. Կարապետյանի կողմից տրամադրված տեղեկությունները և պահանջում 10-օրյա ժամկետում կարծիք տրամադրել։ Դրանից հետո ՊԵԿ նախագահը նույն օրը սկսում է երկրորդ ծառայողական քննությունը, որի առիթն այն է եղել, թե Կարեն Կարապետյանը վարչապետին է տրամադրել հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Այսօր Տիգրան Հայրապետյանը երկրորդ ասուլիսն էր հրավիրել, որին պետք է ներկա գտնվեր նաև իր վստահորդը, սակայն վերջինս չէր ներկայացել, ըստ փաստաբանի, զուտ էթիկական նկատառումներով, որպեսզի ապահովի այս ասուլիսի օբյեկտիվությունը։ Միևնույն ժամանակ նա վստահ է, որ ինչ-որ անձինք, ելնելով ինչ-ինչ շահագրգռությունից, խոչընդոտում են ՀՀ վարչապետի՝ այս գործի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալուն, և համոզված են, որ, եթե վարչապետը գործի մասին ամբողջական տեղեկատվություն ունենա, գործընթացի օբյեկտիվությունը կասկած չի հարուցի։
Բանախոսը խոսեց նաև առաջին ասուլիսին հետևած զարգացումների մասին.
«Ազգային անվտանգության ծառայությունն անմիջապես արձագանքեց, և մենք հրավիրվեցինք ԱԱԾ ու հաղորդում տվեցինք հանցագործության մասին ու մանրամասն բացատրություն՝ նշված սխեմաների հետ կապված։ Սակայն դրանից հետո մեր կասկածներն իրականություն դարձան այն մասով, որ մեր նկատմամբ կսկսվեն ճնշումներ։ Այսպես, գլխավոր դատախազը որոշեց Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վերաբացել, ավելին, այդ գործի նախաքննությունը հանձնարարեց ՊԵԿ քննչական վարչությանը»։
Տ. Հայրապետյանը նշեց, որ սա աբսուրդային որոշում է, հատկապես որ, եթե Կարեն Կարապետյանի կողմից այդ սխեմաները բացահայտելուց հետո ՊԵԿ նախագահ Դ. Անանյանը հայտարարել է, որ այսուհետ իրեն է վերապահում օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը, ինչի իրավունքը նա չուներ, քանի որ այդ խնդիրն օրենքով է կարգավորված։
Իր այս քայլով գլխավոր դատախազը կասկածի տակ է դնում ՀՔԾ-ի անաչառությունը, և բացի դրանից, գլխավոր դատախազը չուներ իրավունք այդ գործը վերաբացել ու հանձնել ՊԵԿ քննչական վարչությանը, ինչը կարող է նշանակել պարզապես բացահայտված սխեմաները կոծկելու փորձ։
Փաստաբանը կարծում է, որ սա ՊԵԿ նախագահի ու գլխավոր դատախազի կողմից հաշվեհարդար է ՕՀՎ պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ, քանի որ վերջինս հանդգնել է իր բացահայտած կոռուպցիոն սխեմաները, հանցագործությունները փաստերով զեկուցել վարչապետին։
«Այդ որոշումը ստանալու նպատակով Դատախազությանը դիմելու բազմաթիվ փորձերից հետո մեզ վերջապես բանավոր կերպով տեղեկացրին, որ մեր դիմումը ևս փոխանցվել է ՊԵԿ քննչական վարչությանը։ Իսկ այդ որոշումը մեզ պետք էր, որ կարողանայինք համապատասխան կարգով բողոքարկել այն։ Ինչևէ, երեկ Գլխավոր դատախազությանը մենք 2-րդ հաղորդումն ենք ներկայացրել հանցագործության մասին 4 հանցակազմերով։ Այսպես, ՊԵԿ նախագահը՝ առանց որևէ իրավանորմի, բանավոր կերպով կասեցրել է Կարեն Կարապետյանի գործունեությունը և միաժամանակ աշխատավարձ վճարել հուլիս ամսից մինչ այժմ՝ 4 միլիոն դրամ գումար՝ կատարելով պետական միջոցների վատնում։ Ստացվում է, որ կամ ՊԵԿ նախագահի որոշումն օրինական է, և այդ դեպքում տեղի է ունեցել պետական միջոցների վատնում, կամ տեղի է ունեցել ինքնիրավչություն և պաշտոնական լիազորությունների վերազանցում։ Էլ ի՞նչ պիտի անի ՊԵԿ նախագահը, որ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի»,- հավելեց Տ. Հայրապետությանը։
Այն հարցին, թե գաղտնիք չէ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «PHP» աուդիտորական ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է և բազմաթիվ խոշոր կազմակերպությունների ծառայություններ է մատուցել, հնարավո՞ր է, որ Կարեն Կարապետյանն իր գործունեության որոշակի փուլում շահերի բախում առաջ բերած լինի, Տ. Հայրապետյանը պատասխանեց, որ, բնականաբար, եթե մարդը ժամանակին եղել է աուդիտոր ու ծառայություններ է մատուցել խոշոր ընկերություններին, ապա ԱԱԾ-ում առաջինը հենց սա պետք է ստուգվի, թե արդյո՞ք շահերի բախում չկա, այդ օրենք խախտող ընկերություններն արդյո՞ք կապ ունեն ՊԵԿ նախագահի հետ։
Ինչ վերաբերում է «Պլենիում» ՍՊԸ պահեստների հետ իր վստահորդի կապ ու շահագրգռություն ունենալուն, փաստաբանը պատասխանեց, որ, եթե իր վստահորդը կապ ունենար դրա հետ, նա ստուգումներ չէր սկսի այդտեղ, ինչի պատճառով նախ՝ ՊԵԿ-ում ծառայողական քննություն սկսվեց, ապա՝ ՀՔԾ-ում գործ հարուցվեց, ինչը կարճվեց։ Բանը հասել էր այնտեղ, որ տարածել էին, թե իբր նշված ՍՊԸ-ն պատկանում է Կարեն Կարապետյանի հորը, ինչը, իհարկե, հերքվեց։
«Այն բոլոր պետական պաշտոնյաները, ովքեր ինչ-որ մեկի միջնորդությամբ կամ երաշխավորությամբ են նշանակվել տվյալ պաշտոնին, համարում են, որ պարտական են տվյալ անձանց ու չպետք է բարձրաձայնեն իրենց կողմից նկատված ապօրինությունները, կամ հանուն դրա՝ պետք է ոտնահարեն պետական շահը, նրանք չեն կարող պետական պաշտոնյա համարվել։ Պետական պաշտոնյան այն անձն է, ով իր պարտականություններն է կատարում օրենքի ու պետության առջև։ ՊԵԿ-ում առաջնորդվում են զոմբիական մտածելակերպով. հանցագործություն է բացահայտվել, ու վարչապետը չպետք է այդ մասին իմանա։ Հասարակությունն այս ակնհայտ խեղաթյուրված մտածելակերպը չպետք է հանդուրժի։ Վստահ եմ՝ ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակներում պետք է բացահայտվի, թե ինչու ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, իմանալով բացահայտված հանցագործությունների մասին, այդ մասին չեն տեղեկացրել քննչական մարմիններին»,- եզրափակեց Տիգրան Հայրապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մարդկային ու բարոյական է այն, որ ողջ հասարակությունը մեղադրում է Կ. Կարապետյանին, իսկ Անանյանը պաշտոնի է նշանակում նրան ու մեջքից հարված ստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։