Հարուցվել է քրեական գործ՝ Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. Պարզվում է մասնակիցների շրջանակը
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ և ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։
Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ։
Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի մասնակիցների շրջանակը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Մասնակիցներից մեկի ինքնությունը պարզվել է, որի մասնակցությամբ ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։