ՀՀ միգրացիոն ծառայությունը Նիդեռլանդներից արտաքսված Գրիգորյանների ընտանիքին կարող է ցուցաբերել առավելագույն աջակցություն
ՀՀ միգրացիոն ծառայությունը հաստատեց Նիդեռլանդներից 8, 5, 3 տարեկան երեխաներ ունեցող Գրիգորյանների ընտանիքի արտաքսվելու մասին տեղեկությունը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, մի քանի ամիս առաջ Նիդեռլանդների միգրացիոն ծառայությունից իրենց հարցում է ուղարկվել՝ պարզելու` արդյոք Գրիգորյանները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե ոչ: Հարցմանը տրվել է դրական պատասխան:
«Մենք հաստատել ենք, որ այդ ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են, ու ըստ ռեադմիսիոն համաձայնագրի` նիդեռլանդական կողմը պարտավորվում է փաստացի արտաքսումից առաջ մեզ ծանուցել, որը նույնպես իրականացվել է»,- ասաց Դավթյանը:
ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` միգրացիոն ծառայությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի այդ ընտանիքը տեղեկանա վերաինտեգրման ծրագրի մասին, որում մի շարք փաթեթներ են ներառված:
«Եթե մեզ դիմեն, առավելագույնը փորձելու ենք աջակցել բնակարանի վարձի հատուցման, բիզնեսի հիմնման որոշակի աջակցության, բուժզննման հարցում և այլն»,- նշեց Դավթյանը:
Ըստ Nltimes լրատվական կայքի` Գրիգորյանների ընտանիքը մինչև վերջ պայքարել է արտաքսումից խուսափելու համար:
Չնայած, որ հայ ընտանիքի արտաքսման հարցը Նիդեռլադներում դարձել էր հասարակության լայն շերտերի քննարկման առարկա, որի վերաբերյալ նույնիսկ քաղաքական տարբեր կուսակցություններ իրենց դիրքորոշումն էին հայտնել, ընտանիքը Նիդեռլանդներում պահելու նպատակով արտակարգ գործընթացները չեղարկվել էին և նրանք արտաքսվել Հայաստան: