Դանակահարողը փորձում էր հատել սահմանը
                                    Ոստիկանությունը բացահայտել է օրեր առաջ տեղի ունեցած հանցագործությունը:
Հունիսի 25-ին, ժամը 00.15-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության  Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 14 շենքի բակում վիճաբանություն է:
Նույն օրը, ժամը 01.15-ին,  հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի եւ թիկունքի մասերում ստացած ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա Լեւոն Գ.-ն, որը հայտարարել է, որ Իսահակյան փողոցի թիվ 14 շենքի բակում ընկել է խողովակի վրա: Ըստ բժշկի տեղեկանքի՝  Լեւոն Գ.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման շնորհիվ պարզվել է, որ Լեւոն Գ.-ն վնասվածքը ստացել է 20-ամյա Ստյոպա Գ.-ի  կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածելու հետեւանքով: Հուլիսի 5-ին, ժամը 17.30-ին,  ոստիկանության ծառայողները Ստյոպա Գ.-ին հայտնաբերել են  Բագրատաշենի մաքսակետում եւ բերման  ենթարկել: Ստյոպա Գ.-ն տվել է խոստովանական բացատրություն, նա ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    