«Քաղաքական միտքը Հայաստանում սպանվել է կամ առնվազն կոմայի մեջ է». Արմեն Աշոտյան
«Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած մեր քվեները` ՀՀԿ-ն երկրի 4-րդ քաղաքական ուժն է, իսկ եթե այն զարգացումները, որոնց մասին մենք զգուշացնում էինք, տեղի ունենային հենց ընտրարշավի ընթացքում` թանկացումներ, արտաքին պարտքի կես միլիարդով ավելացում, օպտիմալացման այս չմտածված ու ինքնանպատակ ձևը, թերևս, պատկերն այլ լիներ»,- Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ երեկ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, և թեև ծրագիրը վարող Պետրոս Ղազարյանն առարկեց, թե նշվածները դեռ փաստ չեն, ՀՀԿ փոխնախագահը բերեց Երևանի քաղաքապետարանի` արդեն իսկ արվեստի ու երաժշտական դպրոցների վճարները թանկացնելու օրինակը:
Վերջինս նկատեց, որ, ցավոք, սրտի, սկսել են կյանքի կոչվել իրենց ամենահոռետեսական զարգացումները և մտահոգությունները հատկապես արտաքին քաղաքականության հարցում:
Ա. Աշոտյանի կարծիքով` մայիսի 8-ից հետո համատարած, այդ թվում՝ նաև լրատվական տեռորի պարագայում Հանրապետականի քաղաքական կապիտալը գրեթե զրոյացվել էր, իսկ ընտրարշավից հետո մենք ստացանք 60 000 քվե, ինչը ձեռքբերում է իրականում: Կուսակցությունն ունի աճի պոտենցիալ, այն քաղաքական դաշտում իր մարդկային կապիտալի ու փորձի առումով մրցունակ է ու մնալու է մրցունակ:
«Այս ընտրություններին ՀՀԿ-ն չէր գնում նույն ձևով: Արդեն իսկ նախկինում Հանրապետականի վրա ստվեր նետող բազմաթիվ մարդիկ դուրս էին եկել: Այս ընտրություններին մենք գնացել ենք շատ մրցունակ ու խելացի կազմով, և տարբեր հեռուստաընկերություններում կայացած բանավեճերը դրա վառ ապացույցն էին: Եթե ընտրությունները լինեին քաղաքական, ապա ՀՀԿ-ի կադրային ռեզերվը շատ քիչ մրցակիցներ կունենաք: Բայց այս ընտրությունները քաղաքական չէին, որովհետև համատարած էյֆորիկ միջավայրում, վարչական ու ուժային ռեսուրսի կիրառմամբ դրանք դուրս մղեցին քաղաքական օրակարգը»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը:
Հաղորդավարի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ի արած բոլոր ընտրություններն է գրեթե քաղաքական չեն եղել, որովհետև նույն վարչական ռեսուրսը նաև իրենց ժամանակ է կիրառվել, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ իրենց ժամանակ Հայաստանում քաղաքական միտքը չի բռնաբարվել: Հիմա քաղաքական միտքը Հայաստանում սպանվել է կամ առնվազն կոմայի մեջ է: Իսկ իրենց ժամանակ քաղաքական միտքը կար, և այդ մտքի արգասիքներից մեկը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն է:
«Այսօր, Դուք դա լավ գիտեք, դիմելով Պ. Ղազարյանին` ասաց ՀՀԿ փոխնախագահը,- Դուք հազիվ եք ստուդիաներ բերում նորընտիր պատգամավորների: Հասարակությունը պետք է իմանա, թե ում է ընտրել՝ որպես պատգամավոր: Ինչո՞ւ ես պետք է մի քանի օր սպասեմ, որ Կառավարությունը կամ ԱԳՆ-ն անդրադառնա Մամեդյարովի հերթական անհեթեթություններին, հետո տեսնելով, որ չեն արձագանքում, դա էլի ես անեմ»:
Ըստ Ա. Աշոտյանի`անհասկանալի է այն լավատեսությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, որը հորդում է բոլոր, այդ թվում՝ նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից: Դա արհեստական դրական սպասումներ առաջացնելու պրոցես է, որի տակ ինքը տեսնում է միտում ու մանիպուլյացիա: Հասկանալի է, որ որոշակի համաձայնություն կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև առնվազն արտգործնախարարների մակարդակով, և պետք է հասկանալ, թե այդ համաձայնությունն ինչի վրա է խարսխված: Մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները` վարչապետն ու արտգործնախարարը, խուսափում են պատասխանել հետևյալ հարցերին` ինչպիսի՞ սկզբունքներ են դրված բանակցային գործընթացի հիմքում, դրանք Մադրիդյա՞ն սկզբունքներն են, թե՞ ոչ, և երկրորդ հարցը, որ պատասխանը վարչապետն այնպիսի զարհուրելի ձևով տվեց Դիլիջանում, որ պարզապես ավելի լավ կլիներ, որ չխոսեր:
«Խոսքը Սանկտ-Պետորբուրգ, Վիեննա, Ժնև բանակցությունների մասին է, երբ որ երկրիդ վարչապետը, ով դեռ հայկական կողմերն է ներկայացնում բանակցություններում, ասում է, որ ադրբեջանցիներն իրեն ասել են, որ այդպիսի համաձայնություններ նշված վայրերում տեղի չեն ունեցել: Հայաստանի վարչապետն այսպիսի զարհուրելի քաղաքական հայտարարություն իրավունք չունի անել, որովհետև անգամ Ադրբեջանի ղեկավարները նման բան ռիսկ չեն արել հայտարարել: Եվ երրորդ հարցը` հայկական կողմը իշխանության գալուց մինչ այսօր պարբերաբար հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի: Հարց է առաջանում:
Ինչպե՞ս պետք է դա արվի, և արդյո՞ք դա այսօր արդիական է, որովհետև ինչպես տեսնում ենք, որևէ համանախագահ երկիր այս հարցի դրական լուծման համար որևէ միտք չի արտահայտել: Մյուս վտանգավոր բանը Դուշանբեի ձեռքսեղմոցին է: Մինսկի խմբի համանախագահները վերջին շրջանում պարբերաբար հղում էին անում Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնևի պայմանավորվածություններին, բայց արդեն երկրորդ հանդիպումն է, որ Մինսկի խմբի համանախագահները դրան այլևս հղում չեն անում` փոխարենը հղում անելով որևէ ինստիտուցիոնալ հիմք չունեցող Դուշանբեի պամանավորվածությանը վերելակում: Սրանք հիմք են տալիս կարծել, որ Ղարաբաղյան բանակցությունների ներկայիս փուլը 2019թ. հղի է մեծագույն վտանգներով ու կորուստներով»,- հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Արմեն Աշոտյանը կարծում է, որ այսօրվա իշխանությունը խարսխված է 4 հիմնական սկզբունքների վրա` բլեֆ, կիսագիտություն, վարչական ռեսուրս և ամբարտավանություն:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀԿ իշխանության բոլոր բարեփոխումներն էին բլեֆ, ՀՀԿ փոխխոսնակն արձագանքեց.
«Եթե մեր բարեփոխումները բլեֆ էին, ապա կանչեք վարչապետին ու հարցրեք` ինչու է նա շարունակում մեր բարեփոխումները սոցապ, կրթության, ճանապարհային ոստիկանության, առողջապահության և այլ տարբեր ոլորտներում, ինչո՞ւ է նա հայտարարում, որ մեր արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու»:
Ա. Աշոտյանը համոզված է, որ այսօր Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անել ամեն ինչ, որ հայ-ռուսական ռազմավարական խորությունը կախված չլինի կառավարություններից, որպեսզի գազի գնի հետ կապված, որ նա խոստանում էր էժանացնել, հստակություն լինի, երբ ակնհայտ է, որ քաղաքական բանակցություններ են ընթանալու:
Լրագրողի այն արձագանքին, թե «Գազպրոմի» հետ պայմանագիրն այսօրվա մենաշնորհային տեսքով ՀՀԿ իշխանության տարիներին է կնքվել, Ա. Աշոտյանը հակադարձեց` իսկ այլընտրանք ո՞րն էր, ու հավելեց, որ իրենք այնպիսի ժառանգություն էին թողել նոր իշխանություններին, որ «Գազպրոմը» 15 տոկոսով սուբսիդավորում էր գազի գինը:
«Նիկոլ Փաշինյանը ժողովրդին խոստացել էր ավելի էժան գազ, և այդ ժողովրդին չի հետաքրքրում, թե այդ էժանությունը Յամալից եկող գազի խողովակաշարի՞ց է լինելու, թե՞ Հայաստանի տարածքից: Նրանք ուզում են իմանալ, թե այդ էժան գազը երբ ու ոնց է լինելու»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Վերջում ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իրենք կողմ են, որ հաջորդ ընտրությունները տեղի ունենան ոչ ֆորս-մաժորային իրավիճակում: Դրանք կարող են լինել 2 կամ 5 տարի հետո, եթե պատճառը ֆորսմաժորային չէ: Կարևոր է, որ դրանք տեղի չունենան, որովհետև երկրում քաղաքական ճգնաժամ է ու վատ է: