Մարզպետի սպորտսմեն և բիզնեսմեն համակուրսեցին՝ Վարդենիսի ղեկավար. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Մելքոնյանը. վերջինս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին է: «Իրատեսի» տեղեկություններով՝ նա 6-7 տարի բնակվել է Մոսկվայում, մի կարճ շրջան էլ՝ Արգենտինայում, մարտեր առանց կանոնների սպորտաձեւի մարզիկ է:
«Սանոսյանի շրջապատից մի քանի թեկնածուներ կային, բայց թե՛ տարածքային կառավարման նախարարությունը, թե՛ կառավարությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատարի, հավանություն են տվել Մելքոնյանի թեկնածությանը, որը Վարդենիսում անուն հանած քրեական որեւէ կլանի ներկայացուցիչ չէ,- ասաց մեր աղբյուրը։- Դեռ նախորդ տարի նա ցանկանում Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցել, բայց մենամարտի ժամանակ վնասվածք էր ստացել ու չէր հասցրել համապատասխան փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ»:
Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ Արամ Մելքոնյանը Մոսկվայում շինարարական մի ընկերության ղեկավար է, բիզնես ունի եւ հաճախ է օգնում վարդենիսցիներին, ինչի մասին չի սիրում խոսել:
Հարցրինք՝ իսկ բիզնեսը չի՞ խանգարի համայնքը ղեկավարելուն. «Չեմ կարծում, ընկերությունը գործադիր տնօրեն ունի այնտեղ, ամեն հարցով զբաղվողներ էլ կան: Ինքն էլ այնպես չէ, որ քաղաքապետ դառնալու համար է եկել Հայաստան, դեռ երեք ամիս առաջ է վերադարձել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: