Բաժիններ՝

«Օրակարգում ևս 35 փոքր հէկ-ի լիցենզիա տալու հարցն է դրված. լավ, ի՞նչ է կատարվում». Տիգրան Եղոյան

«Եղեգիս գետը ցամաքել, դարձել է երկաթյա գետ: Ավելին՝ նորից հէկ-երի կառուցման թույլտվություն են տվել: 32 կիլոմետրի վրա 19 հէկ կա, էլի թույլ են տալիս կառուցել: Լավ, ի՞նչ է կատարվում: Գետի մոտ ապրող գյուղացին չի կարողանում իր հողը ջրել, ցանքս կատարել, ջուր չկա, մինչդեռ այդ բորենիները գետը հէկ-երով ցամաքեցնում, ջուրը տանում-թափում են Ադրբեջան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը:

Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանն էլ նշեց, որ փոքր հէկ-երի շինարարության համար ժամանակին տրվել է ջրօգտագործման սխեմա և ներկայացված է եղել, թե որտե՞ղ՝ որքա՞ն  ու ի՞նչ հզորությամբ փոքր  հէկ կարող է կառուցվել:

«1991 թվականի սխեմայով տրված է, որ Հայաստանում կարելի է կառուցել 371 փոքր հէկ, որոնց դրվածքային  հզորությունը կլինի  392 մգվտ, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի քանակը՝ մեկ միլիարդ 177  միլիոն կվտժամ, բայց այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի հաշվետվության համաձայն, առայժմ ունենք 188 փոքր հէկ, որոնց հզորությունն արդեն կազմում է 366 մգվտ, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի քանակը՝ մեկ միլիարդ 978  միլիոն կվտժամ է:

Այսինքն, այս 27 տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել այն, որ կառուցել ենք երկու անգամ պակաս փոքր հէկ, բայց դրանք արտադրում են  շատ էլէներգիա: Իսկ ինչո՞ւ է այսպես. որովհետև օրենսդրական կարգավորումներն իրենց բարձրության վրա չեն, գրագետ չեն արվել մինչ օրս: Լիցենզիա են տալիս, բայց նշված չէ, թե ինչքա՞ն է թույլատրվում էլեկտրաէներգիա արտադրել: Թիվը նշված չէ, միայն հզորությունն է: Նույնը նաև ջուրթույլտվության դեպքում է: Լիցենզիայում նշված է, որ իրավունք ունես վերցնել այսքան, բայց չի ասվում՝ այդ թիվը նույնն է գարնա՞նը, ամռա՞նը, թե՞ ձմռանը:

Չէ՞ որ լինում են վարարումներ: Այսինքն՝ մեկ թվով թույլտվությունը սխալ է: Սրանից օգտվում են փոքր հէկ -եր կառուցողները: Բոլոր փոքր հէկ-երում պետք է տեղադրվեն ջրի 3 ծախսաչափեր, որոնք կչափեն, թե ինչքա՞ն է մինչև փոքր հէկ մտնող գետի ջրի ծախսը, ինչքան է վերցնում ջուր ու ինչքան ջուր է թողնում դեպի գետ: Հավելեմ, որ օրակարգում ևս 35 փոքր  հէկ-երի լիցենզիա տալու հարցն է դրված: Կարող է պատահել՝ լիցենզիան ստանան, կառուցեն ու հետո փաստի առջև կանգնեն»,- ընդգծեց  էներգետիկ փորձագետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ԱԺ-ում  իր ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները վերջին շրջանում ստուգումներ են անցկացրել Հայաստանում գործող 188 փոքր հէկ -երից 150-ում, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հէկ-երի 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ: Փաշինյանը նշել է, որ օրենքի պահանջ է, որ փոքր հէկ-երն ունենան ջրաչափ՝ տեսնելու համար, թե ջրօգտագործման իրենց տրված թույլտվության ծավալներո՞ւմ են աշխատում, թե՞ ոչ:

«Եվ պարզվում է՝ 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ: Սա խայտառակ երևույթ է: Ավելին ասեմ, այդ փոքր հէկ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին»,-  հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա պետք է աշխատեն բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս