Զուրաբիշվիլին աշխատանքային առաջին օրն է անցկացրել Աթոնելի փողոցի իր նստավայրում
Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 18-ին եղել է Աթոնելի փողոցի իր նստավայրում, (Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության նախկին շենքը) ծանոթացել իր աշխատասենյակին եւ լրագրողներին ներկայացրել խորհրդարանական քարտուղարին ու վարչակազմի ղեկավարին, տեղեկացնում «Գրուզիա Online»-ը:
Զուրաբիշվիլիի հայտարարության համաձայն, խորհրդարանական քարտուղարը կլինի փաստաբան Դմիտրի Գաբունիան, իսկ վարչակազմի ղեկավարը՝ Պատրիարքի հիմնադրամի ղեկավար Լաշա Ժվանիան: Նախագահը ոչինչ չի ասել վարչակազմի կազմի վերաբերյալ եւ հայտարարել է, որ վարչակազմը կհամալրվի մինչեւ դեկտեմբերի 24-ը:
Ըստ նախագահի հայտարարության, ստեղծվելու է մեդիա-ակումբ, որտեղ նա լրագրողների հետ կխոսի մի քանի հարցերի շուրջ: «Շաբաթվա վերջին կամ դեկտեմբերի 24-ին ես ձեզ կասեմ, թե ովքեր են լինելու վարչակազմի գլխավոր խմբում: Ես ձեզ կհրավիրեմ, այստեղ կլինի ձեր տունը, եւ մենք տարբեր ձեւաչափի հարաբերություններ կունենանք»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: