Բաժիններ՝

Մարդիկ ինչո՞ւ պետք է 150.000-500.000 դրամ վճարեն ու վերանորոգած հեռախոս օգտագործեն

«Անորակ ապրանքները հետդարձի ճանապարհ ունեն: Մենք հասել ենք նրան, որ կենցաղային կահույքն ու տարբեր տեսակի  հավաքածուները սպառողն իրավունք ունի հետ վերադարձնել: Այսինքն՝ կարող է կահույքը տանել տուն, տեսնել, որ գույնը, որակը համապատասխան չեն, ու հետ վերադարձնել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ շատ դիմում-բողոքներ կան՝ հատկապես բջջային հեռախոսների հետ կապված:

«Արդեն Կառավարություն ուղարկելու համար նամակ ենք պատրաստում, որը վերաբերելու է ոչ թե փչացած հեռախոսներ վերցնելուն ու հետ վերադարձնելուն, այլ խնդրելու և պահանջելու ենք, որպեսզի պատկան մարմինները հարցը խորքային լուծեն, այսինքն՝ չներմուծեն անորակ ապրանքներ:  Մարդիկ գնում են 150.000-500.000 դրամ արժողությամբ հեռախոս կամ ապառիկ են վերցնում, այնպես է ստացվում,  որ հաջորդ օրը հեռախոսը նորմալ չի աշխատում, հետ են վերադարձնում, այստեղից էլ ուղարկում են սերվիս ու խոստանում են խնդիրը լուծել և 15-45 օրվա ընթացքում վերադարձնել հեռախոսը: Այստեղ նրանք չեն պահպանում սպառողի իրավունքները, չեն տրամադրում նոր հեռախոս, որ այդ ընթացքում օգտագործի: Եվ, հետո, մարդիկ ինչո՞ւ պետք է մեծ գումարներ վճարեն ու, այսպես ասած՝ վերանորոգած հեռախոս օգտագործեն»,- նշեց Մելիտա Հակոբյանը:

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահն ուրախ է, որ գոնե հեռուստացույցների հետ կապված շատ խնդիրներ չեն լինում:

«Մի քանի ընկերությունների հետ կապված խնդիրներ կան, բայց, ընդհանուր առմամբ, կարողանում ենք հետ վերադարձնել»,- ասաց Մելիտա Հակոբյանը:

Պարզվում է՝ շատ են դիմում-բողոքները՝ նաև դեղատների հետ կապված:

«Դեղատանը ոչ միայն դեղորայք, այլև մանկական կեր, ծամոն ու հազար բան է վաճառվում, որոնք հետդարձի իրավունք ունեն, իսկ դեղատներում վախենում են, որ 20.000-30.000 դրամի չափով իրենց կտուգանեն՝ 2005 թվականի դեկտեմբերի 16-ին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 20-262 օրենքի 158-րդ հոդվածի համաձայն: Բայց, ասենք, պապիկը գնացել, թոռան համար մանկական կեր է գնել, պարզվել է, որ սխալ է, տարել է, որ փոխի՝ ասել են, թե՝ իրավունք չունենք: Սակայն չէ՚՞ որ օրենքով միայն դեղերի դեպքում է այդպես»,- նկատեց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս