Պրիշտինայում խորհրդարանը Կոսովոյի բանակի ստեղծման որոշում ընդունեց
Կոսովոյի խորհրդարանը հաստատել է լիարժեք բանակի կազմավորումն անվտանգության ուժերի հիման վրա: Նիստի ուղիղ հեռարձակումն իրականացվել է Facebook-ում:
Քվեարկության էին դրվել երեք օրինագիծ, որոնք նախատեսում են լիարժեք բանակի ստեղծում: Նիստի ընթացքում 106 պատգամավորներ քվեարկել են պաշտպանության բանակի ստեղծման օրենքի, 105-ն՝ անվտանգության ուժերի՝ բանակի փոխակերպման օրենքի ընդունման օգտին: Երրորդ օրենքը՝ Կոսովոյի անվտանգության ուժերում ծառայության մասին, նույնպես պաշտպանել է 105 պատգամավոր:
Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հատուկ հայտարարությամբ ափսոսանք է հայտնել Կոսովոյի իշխանությունների կողմից ազգային բանակի ստեղծման քայլերի շարունակման առթիվ:
«Ես ցավում եմ, որ այդ որոշումն ընդունվել է ի հեճուկս ՆԱՏՕ-ի հայտնած անհանգստությունների»,- ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որը Բրյուսելում տարածել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: