Սովորություններ՝ ամեն օր ավելի եռանդուն ու թարմ լինելու համար
Գործող խորհուրդներ բոլոր նրանց համար, ովքեր երեկոյան արդեն ուժ չեն ունենում:
Ձեռնարկատեր և ինքնազարգացման մասին բլոգի հեղինակ Սքոթ Յանգը (Shott Young) կիսվել է հնարքներով, որոնք օգնում են նրան թարմ լինել և չհանձնվել նպատակին հասնելու ճանապարհին:
Ավելի վաղ քնեք
Անընդհատ քնի պակաս ունենալը լրջորեն ազդում է պրոդուկտիվության վրա: Չնայած շատերը պնդում են, որ ամեն օր 6-7 ժամ քնելիս իրենք ավելի լավ են աշխատում: 6-7 ժամը պարտադիր է ուղեղի լավ աշխատանքի համար:
Ոմանց համար քնի պակասն արտահայտվում է օրվա ընթացքում քիչ, բայց անընդհատ հոգնածությամբ: Դուք նույնիսկ կարող եք մտածել, որ դա չի ազդում ձեզ վրա: Սակայն, փորձերը հաստատում են, որ քնի պակասը հանգեցնում է մտավոր գործունեության մշտական նվազմանը: Սա վերաբերում է նրանց, ովքեր քնում են 4-6 ժամ կամ ավելի քիչ:
Ամեն օր սպորտով զբաղվեք
Մարզումները երկարաժամկետ ներդրում են ձեր առողջության համար: Առանց ֆիզիկական ակտիվության, առողջության ընդհանուր մակարդակն ընկնում է, ինչը նշանակում է, որ ավելի դժվար է մտածել և հստակ կենտրոնանալ:
Եթե դուք ունեք խիստ գրաֆիկ, ապա հաճախ ժամանակ չունեք մարզասրահ գնալ: Հետևաբար, օրվա ընթացքում արեք վարժություններ, որոնք հնարավոր է անել անգամ տանը: Այս վարժությունները բարելավում են արյան շրջանառությունը և շատ ժամանակ չեն պահանջում: Եթե կա հնարավորություն, ապա ավելացրեք սրան ֆիտնես կամ մարզումներ մարզադահլիճում:
Քնեք ցերեկը
Սա ծուլություն չէ, այլ լավ սովորություն, որը շատ դրական արդյունքներ ունի օրգանիզմի, այդ թվում՝ հիշողության համար: Ցերեկային քունը հատկապես օգտակար է, եթե դուք փորձում եք անընդհատ շատ նոր տեղեկություններ հիշել: Բացի այդ, այն վերալիցքավորում է մեզ, քանի որ ճաշից հետո մենք սովորաբար հոգնում ենք: Նույնիսկ, եթե դուք չունեք առանձին տեղ աշխատավայրում, որտեղ կարող եք հանգստանալ, փորձեք հանգստի համար օգտագործել աշխատանքային ընդմիջման մի մասը:
Ամենից կարևորը կարճ ժամանակով քնելն է: Հակառակ դեպքում՝ դուք խորը քուն կմտնեք, և արթնանալը մի քանի անգամ ավելի դժվար կլինի:
Բարդ աշխատանքներն արեք առավոտյան
Աշխատանքային օրվա առաջին չորս ժամը կարևոր աշխատանքի համար ամենաճիշտ ժամանակն է: Այսպիսով, որքան հնարավոր է՝ շուտ անցեք աշխատանքի: Դրա օգուտները հիմնականում հոգեբանական են, էներգիայի մակարդակը հաճախ կախված է տրամադրությունից: Երբ մենք կարևոր աշխատանքը վաղ ենք անում, մեզ ավելի պրոդուկտիվ ենք զգում: Իսկ երբ առավոտյան շատ ժամանակ ենք ծախսում էլեկտրոնային փոստը ստուգելու, զանգերի, սոցցանցերի վրա, ապա արդեն օրվա երկրորդ կեսին հոգնում ենք:
Կազմեք հաջորդ օրվա գրաֆիկը
Էներգետիկ մակարդակները հաճախ կախված են այն բանից, թե ինչպես ենք մենք սկսում մեր օրը: Եթե դուք անմիջապես անցնում եք աշխատանքի, ապա ավելի պրոդուկտիվ և կենտրոնացած կաշխատեք:
Պետք է հստակ պլանավորել հաջորդ օրը, որպեսզի ավելորդ ժամանակ չծախսեք: Դա կարելի է անել երեկոյան՝ աշխատանքից հետո:
Այս սկզբունքով՝ Մարկ Ցուկերբերգն ամեն առավոտ հագնվում է այնպես, ինչպես երեկ: Սա օգնում է ամեն օր մեկ որոշում քիչ կայացնել:
Եվ, իրականում, եթե ամեն առավոտ ժամերով զգեստապահարանի առաջ չկանգնեք, ապա շատ ժամանակ կխնայեք ավելի արժեքավոր բան անելու համար: Սթիվ Ջոբսն ու նրա սև վերնազգեստն ու ջինսը նման ևս մեկ օրինակ են:
Կարդացեք լավ գրքեր
Լավ գիրքը ձեզ մեխանիկորեն տալիս է այն միտքը, թե ինչպես է պետք աշխատել: Այն ոչ միայն պատմում է ինչ-որ փաստեր, այլ օգնում է փոխել մտածելակերպը: Ինչպես լավ երգը կարող է տալ կոնկրետ էմոցիա, այնպես էլ լավ գիրքը կարող է ապահովել էներգիայով: Շատ հարմար են աուդիոգրքերը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս խնայել ժամանակ:
Սիրարփի Աղաբաբյան