«Տեսնում եմ քարոզարշավին մասնակցող մեքենաներ, որոնք ունեն պետական ավտոհամարանիշներ. Սա վարչական ռեսուրսի կիրառում է»

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Արտակ Կիրակոսյանը կարծում է, որ  քարոզարշավն այնքան էլ իրենց «ուզածով չի անցնում», և պատճառը, ըստ նրա՝ առաջին հերթին՝ ռեյտինգային ընտրակարգն է:

«Թեկնածուներն ընկած են համակիրներ հավաքելով: Հույս ունենք, որ այս 5 օրվա ընթացքում այլևս սև ու սպիտակի մասին չենք խոսի, կանդրադառնանք ծրագրերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Արտակ Կիրակոսյանը:

Նրա հույսերը չփարատեց «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը:

«Այս 5 օրվա ընթացքում էլ նոր բացահայտումներ, ձերբակալություններ կլինեն, որոնք խանգարում են քարոզարշավին: Կարող էին երկու շաբաթ առաջ ձերբակալել: Համոզված եմ՝ «Իմ քայլը» դաշինքը  60-ից ավելի տոկոս է հավաքելու, և ինչ-որ 20 տոկոս ֆոն ստեղծելով փորձել ապահովել՝ ես ճիշտ չեմ համարում: Օգտագործվում է իշխանական ռեսուրսը: Իսկ քարոզարշավը լավ է ընթանում, գոհ եմ ընթացքից»,- նշեց Անի Խաչատրյանը:

Կարդացեք նաև

«Ազգային առաջընթաց» կուսակցության  պատգամավորի թեկնածու Հայկ Փայտյանը նույնպես  նշեց, որ վարչական ռեսուրսի կիրառում կա:

«Տեսնում եմ քարոզարշավին մասնակցող մեքենաներ, որոնք ունեն պետական ավտոհամարանիշեր: Սա վարչական ռեսուրսի կիրառում է: Վարչապետի պաշտոնակատարն արձակուրդում է, իսկ ցանկացած պաշտոնյա իրավունք չունի արձակուրդի ժամանակ օգտագործել պետական գույք հանդիսացող ցանկացած միջոց: Իրավական առումով սա խախտում է: Այսինքն, իրավական բաց կա, որը պետք է կարգավորվի:

Մենք կարծում ենք, որ քարոզարշավից առաջ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գնա ոչ թե արձակուրդ, այլ հրաժարական տա, քանի որ ընտրություններին մասնակցող ուժ է, պաշտոն չեն զբաղեցնում: Բացի այդ՝ քարոզարշավի պաստառները փակցնելու գործընթացը նույնպես սխալ է: Ընտրական օրենսգրքում ասվում է, որ կուսակցության քարոզ կարող ենք անել տարին 12 ամիս, բայց նախընտրական քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 26-ից, ու 3 օր է, ինչ փակցնում են»,- նկատեց Հայկ Փայտյանը:

Անի Խաչատրյանի կարծիքով՝ պաստառները փակցնելու խնդիրը տեխնիկական է՝ կապված է ֆիզիկապես հասցնելու հետ:

«Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Փայտյանը հայտնեց նաև, որ Կոտայքի մարզից տեղեկություններ ունի այն մասին, որ ԲՀԿ-ից իրենց վստահված անձանց գումարներ են տալիս՝ ընտանիքի անդամների քանակով:

«Հույս ունեմ, որ իրավապահ մարմիների կողմից կճշտվի սա»,- նշեց Հայկ Փայտյանը:

Վերջինը նշեց նաև, որ հեղափոխությունը դեռևս ավարտված չէ, քանի որ մոնոպոլիան ամբողջովին վերացված չէ, թերի է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարը:

Նա նաև հավելեց, որ անհրաժեշտություն կա փոխել Սահմանադրությունը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում հայ ժողորդի զարգացումը հնարավոր չէ, քանի որ իշխանության լծակները կենտրոնանում են մեկ բևեռի ձեռքում:

Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ են առաջարկում այս երեք ուժերը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Արտակ Կիրակոսյանը հայտնեց, որ պետք է սոցիալական արդարության համակարգ ունենանք, և բոլորը առողջության, կրթության հնարավորություն ունենան:

«Էլի առաջ կգնան նրանք, ովքեր կապեր, կրթություն ունեն, իսկ մյուսները կմնան աղքատության մեջ: Հույս ունեմ, որ սոցիալ-դեմոկրատիայի գաղափարները կլինեն ԱԺ-ում»,- ասաց Արտակ Կիրակոսյանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության  պատգամավորի թեկնածու Հայկ Փայտյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պետք է այսօրվա պայմաններում պետությունն իր վրա բեռ վերցնի:

Արտակ Կիրակոսյանը պատասխանեց, որ սխալ է, օրինակ՝ բոլորին հավասար հարկելը:

«Պետությունն ունի սոցիալական պարտավորվածություն, պետք է մշակի խաղի հստակ կանոններ, որոնք ուղղված կլինեն մանր ու միջին բիզնեսի զարգացմանը: Առաջարկում ենք նաև բանկային համակարգի փոփոխություն: Օրինակ՝ գյուղատնտեսության  համար առաջարկում ենք սահմանել 4-5 տոկոս տոկոսադրույք»,- եզրափակեց Հայկ Փայտյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս