«Ո՞ւմ է պետք ձեր երեք կոպեկանոց նախընտրական հակաքարոզչությունը, պարոն Փաշինյան». Արմեն Աշոտյան
«Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ սա իր նախընտրական ջոկերն էր, որպեսզի, այսպես ասած, «չախի» ՀՀԿ-ի նախընտրական արշավը։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր խորհրդատուները քաղաքական կարճատեսություն ունեն։ Այս դեպքը եկավ ապացուցելու այն, ինչի մասին մենք խոսում ենք՝ այն, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, նպատակ ունի վախացնելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ, անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ դատախազի՝ վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու պահանջի միջնորդությանը, ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը։
Վերջինս նշեց, որ այս դեպքի մասին, առանց անուններ տալու, Նիկոլ Փաշինյանը խոսում էր դեռևս ամիսներ առաջ, և ոչ ոք չէր խանգարում այս իշխանություններին այդ որոշումը կայացնել մինչև ընտրարշավը։ Ավելին, այս միջնորդությունը զավեշտալի է այն առումով, որ ԱԺ այսօրվա կազմը գրեթե ամբողջությամբ քարոզարշավի մեջ է, և քիչ է հավանական, որ քվորում կապահովվի ներկայացված միջնորդությունը բավարարելու համար։
«Առավել զավեշտալի է այն, որ Արամ Հարությունյանը գալիք ընտրություններին, որպես թեկնածու՝ առաջադրված չէ. Ոչ Հանրապետական, և ոչ էլ որևէ այլ ուժի ցուցակում նա չկա։ Այսինքն՝ դեկտեմբերի 24-ից նա այլևս ԱԺ պատգամավոր չի լինելու, և հետևաբար՝ կարիք էլ չի լինելու որևէ դատախազական միջնորդության կամ ԱԺ նիստի՝ այս որոշումը կյանքի կոչելու համար։ Ո՞ւմ է պետք ձեր երեք կոպեկանոց նախընտրական հակաքարոզչությունը, պարոն Փաշինյան։ Ձեզ թվում է՝ նորից կարող եք խաբե՞լ այս հասարակությանը, որի աչքերը սկսել են բացվել»,- հավելեց ՀՀԿ փոխնախագահը։
Ա. Աշոտյանը կարծում է, որ Արամ Հարությունյանի մեղքն ապացուցելը քննչական մարմինների իրավասությունն է, և ինքը դրա մասին չի ասում, այլ տալիս է քաղաքական գնահատականներ, և այն, որ վարչապետն այս գործը 2 ամիս պահել ու հիմա է կյանքի կոչել, խոսում է այն մասին, որ այն օգտագործվում է՝ որպես հակակոռուպցիոն պայքարի հերթական դրոշակ՝ իրենց և հասարակությանը հերթական անգամ ապացուցելով, որ իշխանությունների հակակոռուպցիոն պայքարը բացառապես քաղաքական մոտիվներ ունի և բացառապես ընտրողական արդարադատության արդյունք է։
«Մեղավո՞ր է Արամ Հարությունյանը, թե՞ ոչ, կորոշի դատարանը, բայց Դուք, պարոն Փաշինյան, մեղավոր եք, որ այս ժամանակահատվածում ձեր քաղաքական թիվ 1 մրցակիցներից մեկի հանդեպ կիրառում եք նման կեղտոտ տեխնոլոգիաներ, կեղտոտ հակաքարոզչություն, կեղտոտ հնարք, և սա մարդկանց մոտ արագացնելու է վերադարձն էյֆորիայից՝ դեպի իրականության սթափ ընկալում»,- եզրափակեց ԿԳ նախկին նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ինչո՞ւ է աղմկում Նիկոլ Փաշինյանը…Իր քաղաքական թիմը պարտվեց։ Դաշտ են մտնում ուժայինները։#voteAshotyan #vote1
Gepostet von Armen Ashotyan am Sonntag, 2. Dezember 2018