«Վստահությունը ձեռք է բերվում բավականին երկար ժամանակի ընթացքում ու խոսքի և գործի համընկնման դեպքում». Զատուլին

«Ուշադրությամբ ուսումնասիրում ենք բոլոր այն նյութերը, որոնք գալիս են Հայաստանից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:

Զատուլինն ասաց, որ հետևում է նաև Հայաստանում ծավալվող նախընտրական պայքարին: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած կոմիտեի որոշ պատգամավորներ դիտորդական առաքելություն են իրականացնելու առաջիկա ընտրություններում: «Ես չեմ կարողանա մի քանի օրից երկրորդ անգամ գալ, բայց նրանք հաստատ կգան, դրանց միջև ևս մեկ այց կլինի ողբերգական երկրաշարժի տարելիցի կապակցությամբ, կժամանի Նիկոլայ Ռիժկովը: Մենք հետևում ենք ամենին: Մենք խուսափում ենք հրապարակային խաղադրույքներից, հայտարարություններից, չենք ցանկանում, որ որևէ մեկը հիմք ունենա ասելու, որ միջամտել ենք, դրա համար մենք հաղթել ենք կամ պարտվել ենք, ընդհանրապես: Դրանք ձեր ներքաղաքական խնդիրներն են, ես ևս չէի ցանկանում շեշտադրումներ անել, ասել, թե ով է մեզ դուր գալիս, կամ՝ հակառակը: Ուզում եմ ասել հետևյալը, որ ես Հայաստանին հարգում եմ՝ որպես գործընկեր երկիր, որպես երկիր, ում հետ մենք պատմականորեն ենք կապված: Հայաստանն ինձ համար հարազատ է»,- ասաց Զատուլինը:

Նա նշեց, որ ցանկանում են, որպեսզի Հայաստանը ներքին առումով կայուն լինի, որպեսզի հայ ժողովուրդը բարգավաճի այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի են ունենում:

«Ոչ մեկին, ում հետ մենք համագործակցել ենք, չենք մերժում ձեռք սեղմելու հարցում, մեզ համար չկան արգելքներ Հայաստանի քաղաքական գործիչներից որևէ մեկի հետ հանդիպման հարցում, ցանկանում եմ նախապես ասել, քանի որ շատ եմ կարդացել համացանցում մեր ակումբի նիստից առաջ, թե ինչու ենք անում հիմա, ում համար ենք անում, և այլն: Մենք, ինչպես նկատեցիք, հրավիրել ենք բոլորին, ՀՀ բոլոր նախագահներին, նրանք այստեղ չեն գտնվում, բայց հրավեր մեր կողմից արվել է: Եթե նրանցից որևէ մեկը կհայտնվի այստեղ, մենք ուրախ կլինենք հանդիպել և խոսք տրամադրել, ինչպես նաև հրավիրել ենք ներկայիս Հայաստանի բոլոր ղեկավարներին, գիտենք, որ վաղը հանդիպում կլինի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Մեծ հույս ունեմ, որ ցանկացած իշխանության դեպքում այդ հարաբերությունները զարգանալու են: Իսկ ներկայումս կարևոր պահ է, որ հայտնի հանգամանքների պատճառով ֆորմալ առումով բարեկամական հարաբերությունները վերածվել են վստահության հարաբերությունների: Վստահությունը ձեռք է բերվում բավականին երկար ժամանակի ընթացքում ու խոսքի և գործի համընկնման դեպքում: Եթե տեսնում ենք, որ բառերը լավն են, մենք ուրախ ենք դրա համար, հետո մենք ստուգում ենք, իսկ գործերը համապատասխանո՞ւմ են դրանց , թե՞ ոչ: Եթե համընկնում են, չկան խնդիրներ»,- ասաց Զատուլինը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս