Մակրոնի «Հեղափոխությունն» առաջին հորիզոնականում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
Առաջին հորիզոնականում Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն»-ն է: «Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։
Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը երկրորդ հորիզոնականում է: ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին
համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։
Երրորդ հորիզոնականում Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքն է, որը պատմում է Քըրք Քըրքորյանի մասին: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը, վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անմեկնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:
Աիդա Ազնավուրի «Ափարիկս» գիրքը չորրորդ հորիզոնականում է: Արևմտահայ ընտանիքներում զավակներն «ափարիկ» կոչում էին կրտսեր եղբայրներին: Այդպես է Աիդա Ազնավուր-Կարվարենցը կոչել Շառլին ու այնքան է սիրել, որ ամբողջ կյանքում նախանձախնդրությամբ հավաքել, պահպանել է նրա երգերի ձայնագրությունները, լուսանկարները, նամակները, ընտանեկան տարբեր մանրուքներ, որոնք ժամանակի ընթացքում մասունք են դարձել: Ապա, հենվելով այդ ամենի ու իր բացառիկ հիշողության վրա, գրի է առել հայ ժողովրդին համաշխարհային փառք, համբավ բերած իրենց գերդաստանի պատմությունը, որն անտարբեր չի կարող թողնել ոչ մի ընթերցողի:
Հինգերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:
Վեցերորդ հորիզոնականում է Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»-ը: Այս գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ., Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։
Յոթերորդ հորիզոնականում Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն է: Գրքում ամբողջությամբ գործնական խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես-մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, ուսանողներ… Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:
Առաջին հորիզոնականում է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն»-ը: «Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում
Gepostet von Armenpress am Donnerstag, 29. November 2018
Ութերորդ տեղում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխությունը» գիրքը իններորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից (երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը դեպի Երևան) մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:
Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը