«Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 ուժ. դժվար է իմանալ՝ ով ո՞վ է, ի՞նչ նպատակներ ունի». Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Շիրակի մարզում:

«Դժվարություն է ստեղծում հին Ընտրական օրենսգիրքը, որը հին Հայաստանի օրենքն է, ու փորձ են կատարում կրկին այնտեղ վերադառնալ, սակայն կարծում եմ, որ չի հաջողվելու: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 ուժ, դժվար է իմանալ՝ ով ո՞վ է, ի՞նչ նպատակներ ունի: Մեր կուսակցությունը երիտասարդ է, այն մեր ժողովրդի քաղաքակրթությունն է, մշակույթը: Ունենք պետականակիր մտածողություն, ցանկանում ենք գնալ դեպի արարչագործական, աստվածաշնչյան Հայաստան»,- Լանջիկ համայնքում ասաց  կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Կուսակցության անդամներն այնուհետև այցելեցին Սառնաղբյուր, Մարալիկ, Գյումրի:

Լևոն Շիրինյանը հանդիպումների ժամանակ նշեց, որ քաղաքական ազատության նվաճումը, որը ձեռք է բերվել բոլորի ջանքերով, չի թափանցել տնտեսական ոլորտ, սոցիալական հարաբերություններ:

«Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի օրենսդրական համակարգ, որը կապահովի աշխատողի և գործատուի հավասար և համատեղ պատասխանատվությունն ու իրավունքները: Սա տնտեսության ու հասարակության մեջ պետք է առաջացնի նոր սոցիալական կարգ` ուղղված եկամուտների արդարացի բաշխմանը, ինչը կհաղթահարի սոցիալական բևեռվածությունը: Տնտեսության կազմակերպումը և կառավարումը պետք է բխեն անհատի հիմնարար ազատություններից, հիմնվեն մասնավոր սեփականության և ազատ մրցակցության վրա: Անհրաժեշտ է կանխել անհատների և կազմակերպությունների ձեռքում տնտեսական հզորությունների այնպիսի կենտրոնացումը, որը կվտանգի տնտեսական և քաղաքական ազատությունները և կծնի օլիգոպոլիաներ։

Սոցիալապես կայուն զարգացման համար հարկավոր է քաղաքացիների լայն շրջանակների ներգրավվածությունը սեփականության տնօրինման ու կառավարման գործում: Սեփականության խառը և համակցված ձևերի զարգացումն ընդլայնում է սոցիալական կայունության վրա ազդելու և այն պահպանելու հնարավորությունները»,- ընդգծեց  նա:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս