«ՀՀ-ում խոշոր կապիտալի ներդրման ցանկություն հայտնում են այն մեծ սեփականատերերը, ովքեր անձնական կապեր ունեն Գագիկ Ծառուկյանի հետ». Վահե Էնֆիաջյան
«Մենք տնտեսական, հեղափոխական ծրագիր ենք ներկայացրել և կարծում ենք, որ այն ՀՀ-ում բեկումնային փոփոխություններ է մտցնելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով որպես պատգամավորի թեկնածու՝ առաջադրվել է 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները։
Նրա փոխանցմամբ՝ ծրագիրը բաղկացած է 36 կետից, հիմքում աշխատատեղերի ստեղծումն է, աշխատավարձերի բարձրացումը, ներդրումների ապահովումը, բնակարանաշինությունը:
«Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում էլ մենք շեշտում էինք, որ Հայաստանում հնարավոր է մեր երկրի քաղաքացու համար իրոք մատչելի ծրագիր ներկայացնել՝ բնակարան հատկացնելու առումով: Այսօր արդեն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այդ ծրագիրն իրականացվում է, ցանկանում ենք այլ քաղաքներում և Երևանում էլ այդպես անել: Սա իրոք սպասված ծրագիր է, հատկապես՝ երիտասարդ ընտանիքների համար: Այն կնպաստի նաև ներգաղթի ապահովմանը»,- նշեց Վահե Էնֆիաջյանը:
Նա անդրադարձավ նաև ներդրումների խնդրին՝ ընդգծելով, որ սահմաններն 80 տոկոսով փակ են, շուկան մեծ չէ, աշխարհի հետ կապող միջանցքները քիչ են, ուստի տնտեսական գրավչությունը բարձրացնելուն ուղղված քաղաքականություն է պետք վարել:
«ՀՀ-ում խոշոր կապիտալի ներդրման ցանկություն հայտնում են այն մեծ սեփականատերերը, բիզնեսմենները, ովքեր անձնական կապեր ունեն Գագիկ Ծառուկյանի հետ: Քուվեյթի շեյխը վերջերս ՀՀ կատարած այցի ժամանակ վերահաստատեց իր պատրաստակամությունը մի քանի ծրագրերում միլիարդավոր դոլարների ներդրում կատարելու նպատակով»,- հայտնեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ Վահե Էնֆիաջյանը նկատեց.
«Պետք է և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրոպայի հետ ճկուն քաղաքականություն վարենք, քանի որ հայությունը սփռված է ամբողջ աշխարհով: Մենք մեր փոխհարաբերությունները ցանկանում ենք առավել ընդլայնել՝ հատկապես Ռուսաստանի հետ, որովհետև կարծում ենք, որ տնտեսության, մշակույթի, ռազմական բնագավառներում մեծ պոտենցիալ ունենք, որը դեռևս ամբողջապես չենք իրացրել»:
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղարն ասաց.
«Ցանկանում ենք նոր իրողությունները հաշվի առնելով՝ նոր որակներով քարոզարշավ ունենալ, և այդ որակներում չլինի անձնական վիրավորանքը, սևացնելու և սպիտակեցնելու արատավոր քարոզչական հնարքները: Կոչ ենք անում, որ քարոզարշավը տեղի ունենա հանդուրժողականության մթնոլորտում, լինի ծրագրային մրցապայքար, որպեսզի քաղաքացին առողջ մթնոլորտում հնարավորություն ունենա կողմնորոշվել»:
Անի Կարապետյան