Չավուշօղլուն Ռուսաստանին և Ուկրաինային հորդորել է խոհեմություն դրսևորել
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածության մասին, որի հետևանքով Ուկրաինայում արտակարգ դրություն է հայտարարվել։
Նոյեմբերի 25-ին ռուս զինվորականները կրակ էին բացել ուկրաինական երկու ռազմական մոտորանավի վրա, ինչի հետևանքով մի քանի նավաստիներ վիրավորվել էին։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են սադրանքի մեջ: Կիևը պնդում է, որ երկու մոտորանավը և նավաքարշը նախքան Կերչի նեղուցով անցնելն այդ մասին զգուշացրած են եղել ռուսական կողմին: Իսկ ահա Մոսկվան պնդում են, որ ուկրաինական կողմը խախտել է սահմանը:
«Մենք այս գործընթացին ուշադիր հետևում ենք,- ասել է Չավուշօղլուն: – Ամենից առաջ ցանկանում ենք թե՛ Ուկրաինային, թե՛ Ռուսաստանին կոչ անել, որպեսզի երկու երկրները խոհեմություն դրսևորեն։ Իհարկե, Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ քննարկումները գնում են, դեռ կան չկարգավորված և անորոշ հարցեր։ Դրանք լուծելու համար կարող է ժամանակ պահանջվել, Որպեսզի նման խնդիրներ չծաագեն, այս գործընթացում պետք է հստակեցնել որոշ կանոններ։ Սև ծովում առկա է լարվածություն և մենք տեսնում ենք, որ այդ լարվածությունը ժամանակ առ ժամանակ թեժանում է։ Երկու երկրների հետ էլ ունենք լավ հարաբերություններ։ Մենք մի շարք հանդիպումներ կանցկացնենք, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունները հնարավորինս նվազի»։
Հիշեցնենք, որ Թուրքիան միջազգային հարթակներում բազմիցս հայտարարել էր, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»։