«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավին մանդարին են բաժանում

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Երևանի Մաշտոցի պուրակից, իսկ կուսակցականները մանդարին էին բերել, որը, ըստ նրանց, թարմություն էր խորհրդանշում:

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների խոսքով՝ քարոզարշավին իրենք մարտական են տրամադրված, նախատեսում են առաջիկա չորս օրերի ընթացքում  Երևանում շարունակել նույն տիպի քարոզչություն:

«Հիմնականում շրջիկ քարոզարշավ է լինելու: Մարդկանց բաժանելու ենք մեր խորհրդանիշ մանդարինը, որը սոցիալական արդարության, համերաշխության, հավասարության խորհրդանիշ է: Տալու ենք նաև ծրագրային թռուցիկներ»,- լրագրողներին ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են քարոզարշավը սկսել Մաշտոցի պուրակից, Միքայել Նահապետյանը պատասխանեց.

«Մաշտոցի պուրակը մի վայր է, որտեղ ձևավորվել են այսօր արդեն ֆորմալ քաղաքական գործընթացներում մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Այստեղից է մեկնարկել 2012 թվականին հանրային տարածքի համար պայքարը: Հետագայում քաղաքացիական պայքարի այդ նույն սերունդը սկսեց բարձրացնել  սոցիալական այլ խնդիրներ՝ տրանսպորտի, էլէներգիայի թանկացում, կենսաթոշակային համակարգի դեմ պայքարեց: Մեր շարքերում կան այդ պայքարների ներկայացուցիչներ»:

ՔՈ կուսակցության անդամները համոզված են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ընտրելու են ՀՀ քաղաքացիներ, ում համար հանրային համերաշխության և սոցիալական արդարության հարցերը կարևոր են:

Նշենք, որ ՔՈ կուսակցության անդամները հիմնականում նախկին քաղաքացիական ակտիվիստներ են՝ բնապահպաններ, «Դեմ եմ»-ականներ։ Նախընտրական ցուցակը գլխավորում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը և Ռուզաննա Տոռոզյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս