«Սասնա ծռեր» համահայական կուսակցությունում վստահ են, որ անցնելու են խորհրդարան

«Սասնա ծռեր» համահայական կուսակցությունը՝ «Ժամանակն է» կարգախոսով, իր քարոզարշավի մեկնարկը տվեց Ազգային ժողովի բակից։ Քարոզարշավից առաջ կուսակցության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով։

Կուսակցության նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Գարգին Չուքասզյանը հիշեցրեց, որ  «Սասնա ծռեր» կուսակցությունը ստեղծվել  է «Հիմնադիր խորհրդարանի» և «Նախախորհրդարանի» աշխատանքների հիման վրա։
Նա հորդորեց կարդալ իրենց նախընտրական ծրագիրը և բոլոր հարցադրումներն անել հենց այդ ծրագրի հիման վրա։

«Սասնա ծռեր» համահայական կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սէֆիլյանն անդրադառնալով իր քաղաքացիություն ստանալու հարցին՝ տեղեկացրեց, որ այդ խնդիրը լուծվելու է, և բնավ պարտադիր չէ, որ խորհրդարանում ֆիզիկապես լինի իր ընկերների կողքին.

«Կարևորը՝ մեր քաղաքական ուժը լինելու է խորհրդարանում»,- նշեց Ժ. Սէֆիլյանը։

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը վստահ է, որ «Սասնա ծռերն» անցնելու են խորհրդարան, քանի որ այսօր կա ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, կողմնորոշված ժողովուրդ, որը թույլ չի տա զանգվածային ընտրակեղծիքներ, և կա «Սասնա ծռեր» կուսակցություն, ուստի այս երեք գործոններով պայմանավորված՝ կուսակցությունում վստահ են, որ տեղի կունենան լեգիտիմ ընտրություններ, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ «Սասնա ծռերը» կլինեն խորհրդարանում։

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի գրավմանը և դրա անդրադարձին կուսակցության վարկանիշի վրա, Վարուժան Ավետիսյանը նկատեց. «Եթե հիշում եք, «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ BBC-ն հարցումներ էր կատարել և Հայաստանում որևէ մեկին չէր գտել, որը կդատապարտեր մեր արարքը, դրա գնահատականը ժողովուրդը տվել է։ Այդ փուլն արդեն մենք անցել ենք, այժմ մենք գտնվում ենք ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանում, և ինքներս, որպես այդ ժողովրդավարության առաջամարտիկներ, մասնակցում ենք ժողովրդավարական Հայաստանի կերտմանը»,- շեշտեց Վ. Ավետիսյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ «Սասնա ծռերը», հնարավոր է՝ խորհրդարանում կրկնեն 2016 թվականի ՊՊԾ գնդի գործողությունները, կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ այդ խոսակցությունը միշտ էլ եղել է, և ժամանակն է, որ դա մեկընդմիշտ փակվի։

«Այդ դեպքերը տեղի ունեցան այն ժամանակ, երբ Հայաստանում գործում էր բռնապետություն, և այդ պարագայում, երբ հնարավորություն չկար, որպեսզի հայ ժողովուրդը հասներ իշխանափոխության, եղավ այն, ինչ եղավ։ Մեր ժողովրդի արժանապատվությունը ոտնահարվում էր, անվտանգությունը խոցված էր, ապրիլյան պատերազմն էլ՝ փաստ, բնականաբար, մի խումբ նվիրյալներ կատարեցին մեր ժողովրդի կամքը։ Այդ երեսուն նվիրյալներն իրենց անձնական կյանքը դրեցին ռիսկի տակ և գնացին բանդայի դեմ պայքարի»,- նշեց Պետրոս Մակեյանը։

Վարուժան Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ կուսակցության թիմը մեծ է, ուստի որոշել են բաժանվել մի քանի խմբերի և տարբեր ուղղություններով միաժամանակ իրականացնել քարոզարշավ և մարդկանց ներկայացնել կուսակցության ծրագիրը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս