«Մենք ոչ սև ենք, ոչ՝ սպիտակ, մենք ՕԵԿ ենք». Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց երթով՝ ՕԵԿ կենտրոնական գրասենյակից՝ դեպի Սուրբ Աննա եկեղեցի:
ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը նախ կոչ արեց բոլորին վառել «հաջողության» մոմեր:
«Մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից, թույլ չպետք է տանք, որ օտար, անընդունելի բարքերը սողոսկեն հայ ընտանիքներ: Մենք տեսնում ենք նաև ոտնձգություն հայ ազգային արժեքների նկատմամբ, հայոց եկեղեցու նկատմամբ: Այսօրվա խորհուրդը հենց դա է. մենք ուզում ենք սկսել մեր քարոզարշավը՝ ասելով, որ ՕԵԿ-ն ամուր կառչած է մեր ազգային արժեքներից»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ սև ու սպիտակ բաժանմանը՝ նշելով.
«Մենք ոչ սև ենք, ոչ՝ սպիտակ, մենք ՕԵԿ ենք, աշխարհում կան շատ գույներ, սիրե՛ք աշխարհը, սիրե՛ք գույները, սիրե՛ք երկիրը: Բոլորս պետք է հասկանանք, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ներկայումս ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Ութ ամիս անցել է, ութ ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե Հայաստանն ինչպե՞ս պետք է զարգանա: Այսօր չենք տեսնում զարգացման հստակ ճանապարհ, դրա համար մասնակցում ենք ընտրություններին՝ ներկայացնելով մեր մրցունակ մոտեցումներն ու ծրագրերը, գաղափարները, որոնք, վստահ ենք՝ կյանքի կոչելու դեպքում՝ մարդիկ կժպտան այնպես, ինչպես ժպտում են այսօր անվճար մանկապարտեզ իրենց երեխաներին տանող 1000-ավոր ծնողներ»:
Ինչ վերաբերում է քարոզարշավի չափանիշերի խախտմանը, նա ասաց, որ չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը:
Արթուր Բաղդասարյանը բոլոր քաղաքական ուժերին ազնիվ, քաղաքակիրթ մրցակցություն մաղթեց:
Անի Կարապետյան