Հայաստանի արտահանման կառուցվածքում աճի տեմպով առջևում են թեթև արդյունաբերության և գյուղատնտեսական արտադրանքները
2018թ-ի առաջին կիսամյակում Հայաստանի արտահանման կառուցվածքում առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում ամենամեծ աճ գրանցած ապրանքատեսակներն են թեթև արդյունաբերության և գյուղատնտեսական արտադրանքները:
Մանկական, կանացի և տղամարդու հագուստի, ինչպես նաև՝ տրիկոտաժե արտադրանքի արտահանումը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացել է ընդհանուր առմամբ շուրջ 90%-ով՝ կազմելով 73.6 մլն դոլար: Նույն ժամանակահատվածում ձկնամթերքի, միրգ-բանջարեղենի և պահածոյացված մթերքների արտահանումն առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ ավելացել է 88%-ով՝ կազմելով 54.9 մլն դոլար:
Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանման կառուցվածքում շարունակում է տեսակարար մեծ կշիռ ունենալ պղնձի և ցինկի հանքաքարի արտահանումը, որն առաջին կիսամյակում ավելացել է 16%-ով՝ կազմելով շուրջ 297 մլն դոլար (համախառն արտահանման 25.4%-ը):
Առաջին կիսամյակում 22%-ով ավելացել է նաև մետաղական արտադրանքների (երկաթահամահալվածք, չզտված պղինձ, պղնձի ջարդոն, ալյումինե նրբաթիթեղ) արտահանումը (153.7 մլն դոլար), 13%-ով ավելացել է ծխախոտի արտահանումը (124.3 մլն դոլար), 13%-ով ոսկու և ոսկերչական իրերի արտահանումը (103.8 մլն դոլար), 53%-ով էլեկտրաէներգիայի արտահանումը (47.1 մլն դոլար), 70%-ով մարդատար ավտոմեքենաների արտահանումը (9.7 մլն դոլար):
Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած 2018թ-ի նույն ժամանակահատվածում էականորեն՝ 19%-ով նվազել է ադամանդի արտահանումը՝ կազմելով 42.9 մլն դոլար: 8% նվազում է գրանցվել նաև ոգելից խմիչքների արտահանման մեջ:
Ընդհանուր առմամբ 2018թ-ի առաջին կիսամյակում արտահանումն ավելացել է 18.3%-ով կազմելով 1 մլրդ 169 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 26.6%-ով՝ կազմելով 2 մլրդ 309 մլն դոլար: