«Սև-սպիտակը մեզ պարտադրվել է նոր իշխանությունների կողմից». Արմեն Աշոտյանը հորդորում է չխաբվել ՀՀԿ-ի սև-սպիտակ պաստառներին

Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից ժամեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ՀՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը մասնավորապես խոսել է ընտրարշավի՝ իր որդեգրած սկզբունքների, այս ընտրապայքարում իր համար որպես քաղաքական հենարան ծառայող գաղափարական հիմքի ու առաջարկությունների մասին։

«Սիրելի հայրենակիցներ, չխաբվեք մեր սև-սպիտակ պաստառներին, մեր սև-սպիտակ քարոզչական փաթեթավորմանը. Մեր ընտրարշավը լինելու է գունեղ, տպավորիչ ու ջերմացնող։ Սև-սպիտակը մեզ պարտադրվել է նոր իշխանությունների կողմից՝ որպես քաղաքական նոր իրողություն, մենք ընդունել ենք այդ հրավերը և այդ թելադրանքի մեջ փորձում ենք թելադրել մեր սեփական օրակարգը։ Մեզնից ակնկալեք շատ անկեղծ, զգացմունքային ու բանական ելույթներ, իրական քաղաքական պայքար ու մշակույթ»,- մասնավորապես նշել է նա՝ հաջողություն մաղթելով թե իր թիմին, թե մյուս քաղաքական ուժերին, ու կոչ անելով այս ընտրարշավի ընթացքում որևէ մեկի նկատմամբ էժան բաներ չանել։։

Ա. Աշոտյանը նշել է նաև, որ քարոզարշավի համար օգտագործելու է բոլոր հասանելի օրինական տեխնոլոգիաները՝ ինտենսիվ շփում ԶԼՄ-ների հետ, ցանցային հարթակի օգտագործում, «մարդկանց հետ շփումը կազմակերպելու եմ դռնեդուռ սկզբունքով՝ այցելելով մարդկանց բնակարաններ՝ լսելով իրենց գանգատներն անցյալի ու ներկայի մասին, ինչպես նաև պատկերացումներն ապագայի մասին», ու նրանց բացատրելով, թե ինչ կարող է նրանց տալ ինքն ու իր քաղաքական թիմը։ Ակտիվորեն կմասնակցի նաև հեռուստաբանավեճերի, կլինի շատ հասանելի ու ներկայացված։ Նա նաև կոչ արեց ընտրողներին՝ իրենց դիտողությունները, հարցերն ու առաջարկները ներկայացնել իր ֆեյսբուքյան էջում՝ վստահեցնելով, որ ոչ մի նամակ ու գրառում անպատասխան չի մնա։

«Ես չեմ գնում ընտրությունների, որովհետև մեջքիս կանգնած են իշխանությունները, ունեմ պետական լծակներ ու ֆինանսական ռեսուրսներ կամ տեղական այս կամ այն ձևաչափի աջակցություն։ Առաջին անգամ ես ընտրությունների եմ մասնակցում բացառապես որպես քաղաքական գործիչ՝ տիրապետելով քաղաքական պայքարի ողջ գործիքակազմին, ցանկանալով քաղաքականությունը զարգացնել՝ որպես ֆենոմեն, ուստի ինձ համար ամեն մի ձայն, ձեր յուրաքանչյուր «կողմ քվեն» շատ կարևոր է, քանի որ ընտրություններից հետո իմ թիմը դիրքավորվել է՝ որպես բացառապես քաղաքական թիմ, իմ թիմում մնացել են սկզբունքային մարդիկ, քաղաքական «մահապարտներ», ովքեր սկզբունքային քաղաքական պայքար են տանում»,- հավելել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

Ա. Աշոտյանը հիշեցրել է նաև, որ ինքը ծնվել ու մեծացել է Նոր Արեշ թաղամասում, ապրում և աշխատում է Կենտրոն վարչական շրջանում և առնվազն այդ երկու համայնքների խնդիրներին, բոլոր շերտերին, սոցիալական ձայներին քաջ ծանոթ է՝ վստահեցնելով, որ նրանց քվեին արժանանալու համար չի դիմելու պոպուլիստական քայլերի, ասելու է այն, ինչ մտահոգություն է առաջացնում հանրության շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս