Քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն հարցազրույցներ քաղաքական առաջնորդների հետ, բանավեճի ձևաչափով հաղորդումներ
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն ամենօրյա հարցազրույցներ քաղաքական առաջնորդների հետ, ինչպես նաև բանավեճի ձևաչափով հաղորդումներ՝ քաղաքական ուժերի ծրագրերը հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու համար: Ինչպես տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությունը կտրամադրի հավասար պայմաններով եթերաժամ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանումը Հանրային հեռուստաընկերությունը կիրականացնի հետևյալ հարթակներով՝ Լրատվական ծառայություն, Նախընտրական բանավեճ, «Այսօր իրականում», Նախընտրական մեծ բանավեճ լիդերների մասնակցությամբ և «Խաղի կաննոններ»:
«Այսօր իրականում» հաղորդաշարի շրջանակում, որն եթեր է հեռարձակվում «Լուրեր» լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, հաղորդավար Պետրոս Ղազարյանը կհյուրընկալի ԱԺ արտահերթ ընտրություններին գրանցված քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարներին:
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը քաղաքական 11 ուժերի ներկայացուցիչներ կհյուրընկալվեն 45-50 րոպե տևողությամբ նախընտրական բանավեճի, որը հնարավորություն կտա ուժերին ներկայացնել իրենց ծրագրերն ու խոսել պոտենցիալ ընտրողի հետ: Ամեն օր 4 քաղաքական ուժ կբանավիճի Հանրային հեռուստաընկերության նախատեսած թեմաների շուրջ՝ կրթություն և մշակույթ, սոցիալ-տնտեսական քաղաքականություն (հարկային քաղաքականություն, բյուջետային միջոցների կարգավորում, տնտեսական զարգացում) և առողջապահություն, կոռուպցիա, ներքին քաղաքականություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում, անվտանգություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Բոլոր ուժերը քարոզարշավի ընթացքում 3-4 անգամ կմասնակցեն բանավեճի։ Նախընտրական բանավեճի մոդերատորներն են Պետրոս Ղազարյանն ու Արաքսյա Թադևոսյանը:
Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում մեկ օր, եթերում կկազմակերպվի Նախընտրական մեծ բանավեճ՝ 11 քաղաքական ուժերի առաջին համարների մակարդակով։ Նախըտրական մեծ բանավեճը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Բանավեճի մոդերատորներն են Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը:
Արմեն Դուլյանի «Խաղի կանոնները» քաղաքական հաղորդաշարի ընթացքում ևս նախատեսվում են բանավեճեր. հաղորդաշարին կհյուրընկալվեն ոլորտի էքսպերտներն ու կբանավիճեն առաջարկվող թեմաների շուրջ:
Բանավեճերի և հարցազրույցների վերաբերյալ հրավերներ ուղարկվել են բոլոր քաղաքական ուժերին։ Որոշ լիդերներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը նախընտրական գլխավոր բանավեճին։