Բաժիններ՝

ՀԿԵ-ն շարունակում է ընդունել Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել: Լաստանավի մոտակա չվերթը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 2-ին: Ինչպես տեղեկացրին Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընկերությունն արդեն ստացել է 9 վագոն բեռի փոխադրման հայտ:

Երկաթուղին հիշեցնում է, որ 05.11.2018 թ. ուղղված նամակով բեռնափոխադրողները և էքսպեդիտորները տեղեկացվեցին լաստանավի չվերթների ժամանակավոր կրճատման մասին: Հաշվի առնելով լաստանավի վարձակալության վճարի թանկացումը և բեռնափոխադրումների ծավալի կրճատումը՝ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավի կանոնավոր աշխատանքը փոխարինվում է փաստացի առկա խոշոր խմբաքանակների (30 վագոն) փոխադրման, ինչպես նաև հաճախորդների միանվագ պատվերների կատարման ձևաչափով:

Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքում՝ Կովկաս-Փոթի երթուղում բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ցանկացած ընկերություն կարող է պատվիրել բեռնափոխադրում նշված երթուղում:

Հարկ է նշել, որ երկաթուղալաստանավային փոխադրումների մրցակցությունն ապահովելու նպատակով Ռուսական երկաթուղիները և ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019 թվականին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչև 50% չափով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս