««Լուսավոր Հայաստանն» ու մյուս բոլոր ուժերը հիմա բացառիկ շանս ունեն, ինչո՞ւ չօգտվեն». Էդմոն Մարուքյան
«Երևանի ավագանու ընտրություններից հետ, այո, մեծ փոփոխություն է եղել, օրինակ՝ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում քննարկվել է մի նախագիծ, որի օգտին քվեարկել են ՀՀԿ–ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ այդ նախագծի «դեմն առել ենք» մենք,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ իրողություն է փոխվել ավագանու ընտրություններից հետո, որտեղ ԼՀԿ-ն անցողիկ շեմն էլ չէր անցել, իսկ 2-րդ ուժը ԲՀԿ-ն էր, հայտնի է նաև, որ հանրապետության ընտրողների հիմնական հատվածը Երևանում է։
Նա չի կարծում, թե խորհրդարանական ընտրությունները պետք է համեմատել Երևանի ավագանու ընտրությունների հետ. «Ավագանու ընտրություններին հռետորաբանությունը տարբեր էր, վերջին հաշվով, ունեցանք նաև սև ու սպիտակի պատմությունը, աշխատում էր համամասնական ընտրության տրամաբանությունը, և այլն։ Հիմա, կարծում եմ, որ ավելի գաղափարական ու ապագային միտված ընտրություններ ենք ունենալու։ Երևանի ավագանու ընտրությունը նրա մասին էր, որ ժողովուրդը պետք է որոշի՝ խորհրդարանը լուծարվի՞, թե՞ ոչ։ «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգը եթե այդ ընտրությունների ժամանակ, ասենք, 10 տոկոս էր, ապա հիմա կրկնակի է, հետևաբար, եթե այդ ընտրության ժամանակ 3-րդ ուժն էր, ապա հիմա 2-րդը կլինի»։
Նրա խոսքով՝ պատկերը կփոխվի, եթե մասսայական ընտրախախտումներ լինեն, ընտրակաշառք բաժանվի, ճնշումներ լինեն, ինչը Մարուքյանը բացառում է, քանի որ վստահ է, որ իրավապահ մարմիններն աշխատելու են։
Հարցին՝ 2017 թ. «Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ընտրություններին «Ելք» դաշինքով, Երևանի ավագանու ընտրությանը՝ «Լույս» դաշինքով, և սա առաջին խոշոր ընտրությունն է, որին առանձին են մասնակցելու, դա հաշվարկե՞լ են, արդյոք օգո՞ւտ, թե՞ վնաս կտա, Մարուքյանը պատասխանեց, թե իր ցանկացած հայտարարություն արվում է նոր իրողության համապատասխան. «Նախկին ընտրություններում քաղաքական միավորները հասկացել են, որ, եթե առանձին քաղաքական միավորներով շարժվեն առաջ՝ ընդդեմ Հանրապետականի ռեժիմի, ունենալու են ֆիասկո, որի գիտակցումը բերեց նրան, որ ստեղծվեց Ելք» դաշինքը, որի համար բոլորս հպարտ ենք։ Այն ժամանակ պետք էր համախմբվել ռեժիմի դեմ, իսկ հիմա չկա ռեժիմ, չկա համախմբման կարիք, հետևաբար՝ ցանկացած ֆորմատ, որը մենք կստեղծեինք, լինելու էր արհեստական։ ԼՀԿ-ն ու մյուս բոլոր ուժերը հիմա բացառիկ շանս ունեն, ինչո՞ւ չօգտվեն։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա գիտեք՝ շատ կարճ ժամանակում իմացանք, որ «Ելքի» մեր գործընկերը ցանկանում է առանձին մասնակցել, և երկու գործընկերով որոշեցինք ստեղծել նոր բրենդ, չօգտագործել «Ելքի» բրենդը, որովհետև անարդար կլինի»։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց համար համագործակցության դռները փակ ու սպառված չեն, սակայն իրենք տարբեր են։ Մարուքյանը շեշտեց, որ իրենք տարբեր են եղել նաև «Ելքի» ներսում և ունեցել են տարբեր մոտեցումներ.
«Մեր դեբատների արդյունքում է, որ ծնվել են լուսավոր գաղափարներ, այդ դեբատները հիմա պետք է լինեն հրապարակային։ Ժամանակին դեբատները եղել են փակ՝ ֆրակցիայի կամ դաշինքի ներսում, իսկ ապագայում կտեսնեք 7-րդ գումարման ԱԺ-ում»։