«Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ հսկել են, մոտեցել իրենց նախընտրական ենթաշտաբի պետին և ասել, որ այլևս չգա, եթե չի ուզում աշխատանքից զրկվել»
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը պնդում է՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավ է իրականացրել և օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՀՀԿ իշխանության օրոք վարչապետը մինչև ժամը 18:00 քարոզչության չի զբաղվել:
«Նիկոլ Փաշինյանը, կներեք, շատ դիպուկ բառ է՝ ափաշքյարա խախտում է Ընտրական օրենսգիրքն արդեն առաջին իսկ օրվանից, ավելին՝ սա միակ խախտումը չէ»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նա նշեց, որ Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ հսկել են, մոտեցել իրենց աջակիցներին, կոնկրետ իր ընկերոջը, որ նախընտրական ենթաշտաբի պետ է, և ասել, որ այլևս չգա, եթե չի ուզում աշխատանքից զրկվել:
«Ես կհետևեմ ԿԸՀ-ի արձագանքին»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նա զավեշտ որակեց, որ երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, առավել շատ քննադատում էր ԿԸՀ և Վիճակագրական ծառայության ղեկավարներին, իսկ հիմա երկուսին էլ պահել է.
«Կամ ժամանակին էր սուտ խոսում և էդ մարդիկ նկարիչ չեն, քանդակագործ չեն, մանրանկարիչ չեն… Ինչո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի այս ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ այդ մարդկանց ինչ ասես այս բեմից չէր ասում: Ինչո՞ւ ես պահել այդ մարդկանց, եթե նկարիչ են: Թե՞ չենք նկարել, պարզապես հիմա ես հասկացել, որ չենք նկարել, այսինքն՝ ասա, որ այն ժամանակ սուտ ես ասել, կամ սխալվել ես: Թե՞ քեզ էլ է պետք նկարել հիմա»: