Նիկոլ Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի և Սամվել Մայրապետյանի գործերի մասին
Ալեքսանդր Սարգսյանի գործով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել, որ կարող է ազդել գործի քննության վրա:
Ըստ նրա՝ երկրում քաղաքական իրավիճակը հսկայական ազդեցություն է ունենում քրեական գործերի քննության վրա. «Բոլորն ուզում են, որ գործերը շատ արագ ավարտվեն, ու գործը գնա դատարան, բայց ամեն ինչ, այդ թվում՝ միջազգային իրավիճակը, ազդում է քննության վրա»:
Նրա համոզմամբ՝ իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ. «Անհրաժեշտ է, որ հեղափոխություն իրականացրած ուժը շատ ուժեղ վստահության քվե ստանա»:
Անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործին՝ Փաշինյանը նշեց, որ չի ուզում ազդել նախաքննության վրա, բայց առկա տեղեկատվությունն ասում է, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ, և այդ խաչմերուկի լուսացույցի բոլոր լույսերը բացահայտելու պարտավորություն կա ժողովրդի առաջ: Նա հերքեց, որ լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք է դրված. «Կալանք է դրված մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձի հաշվի վրա»:
Իրեն ուղղված բաց նամակների արդյունքում ստացած տեղեկատվությունից Փաշինյանի եզրակացությունն այն է, որ կարող է գործ ունենալ կոռուպցիոն խոշոր խաչմերուկի հետ:
«Սա ոչ մի կապ չունի լրատվամիջոցի գործունեության հետ»,- ասաց նա և նկատեց, որ ՀՀ-ում նույնիսկ ֆեյքերի կարծիք հայտնելու իրավունքը լրջորեն պաշտպանված է: