«Հայաստանը և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են». Արմեն Սարգսյանին իր հավատարմագրեր է հանձնել Լատվիայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեն (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը:
Հանրապետության նախագահի խոսքով՝ Հայաստանը և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են, շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ, ինչը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների ընդլայման և խորացման համար: Նախագահը հատկապես կարևորել է առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը Եվրամիության շրջանակում: