«Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը». Փայլան
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։
Փայլանը, քննադատելով մշակույթի նախարարության ձեռնարկած մի շարք քայլերը և նախագծերը, ասել է.
«Նախարարությունը ոչ մի տեսլական չունի Վանի նահանգի համար։ Հավատացեք Վանի օդանավակայանը տարողունակությամբ կարող է գերազանցնել Անթալիայի և Դալամանի օդանավակայաններին։ Վանում լուրջ քաղաքակրթություն կա։ Եթե այնտեղ պրոֆեսիոնալ նախագիծ իրականացվի, եթե Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը։ Օրինակ՝ Վանի Էդրեմիթ (պատմ Արտամետ) շրջանը դրախտի անկյուն է։ Վանը հայտնի է 4 հազար տարվա պատմություն ունեցող ուրարտական թագավորությամբ։ Վանում հայկական եկեղեցի կա, այնտեղ է նաև Արշիլ Գորկու գյուղը։ Սակայն այստեղ քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հայկական գերեզմանոցի վրա զուգարան է կառուցում»,-ասել է Փայլանը։ Նա հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանն այդպես էլ չի ապամոնտաժվել՝ չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն:
Հիշեցնենք, որ Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հանրային լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա հանրային զուգարան և հանդերձարաններ են կառուցվել: